Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրի Մովսիսյանին:
Regnum գործակալությունը տեղեկացնում է, որ 24-ամյա Յուրան, հնարավոր է, գործարքը կայանալու դեպքում բանակայինների թիմում տրանսֆերային պատուհանում զբաղեցնի Վագներ Լավի տեղը: Հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ԲԿՄԱ-ն «Կրասնոդար» ակումբին պատրաստ է վճարել հինգ միլիոն եվրո:
Յուրի Մովսիսյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, խփել յոթ գոլ եւ երեք գոլային փոխանցում կատարել: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում հանդես է եկել 9 խաղում, խփել 4 գոլ եւ կատարել գոլային վեց փոխանցում:
«Առավոտ» օրաթերթ