Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեպլիկ՝ ցավով

Նոյեմբեր 18,2011 13:45

Կամ մշակութային օջախներին գնահատելու անհեթեթ թվաբանությունը

Չգիտեմ, երջանիկ, թե դժբախտ պատահականությամբ, օրերս առիթ ունեցա մասնակցելու մի հանդիսության, որտեղ ներկա էին նաեւ մեր մշակույթի մի խումբ անվանի գործիչներ. զրուցում էին, տխրում, կատակում, իսկ թեման արվեստի մշակների հանդեպ պետական չինովնիկների վերաբերմունքն էր:

Ինձ ցնցեց հետեւյալ պատմությունը. Երեւանի (այժմ արդեն նախկին) քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարճատեւ պաշտոնավարության օրոք կազմակերպվել են հանդիպումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակույթի օջախների տնօրենների հետ: Մեր բեմարվեստի անվանի ներկայացուցիչներից մեկը հիշում էր, թե ինչպես է այդ հանդիպման ողջ ընթացքում քաղաքապետը դիմել տնօրեններից յուրաքանչյուրին. «Ինչքան է քեզ պետք երջանիկ լինելու համար», եւ ծավալվել է թվաբանության ու բազմապատկման աղյուսակի վերհուշը: Սա դեռ ոչինչ. հաջորդ հանդիպումն ավելի զավեշտական է եղել. քաղաքապետարանի ենթակայության մշակույթի օջախների տնօրեններն այս անգամ ճզմվել են իրականության եւ երեւակայության արանքում: Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետն ու իր տեղակալը հայտարարել են, որ հինգ միավորանոց սանդղակով այժմ պետք է գնահատականներ նշանակեն մշակույթի գործիչ-տնօրենների արտամշակութային գործունեությանը: Եվ այսպես. ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին 4 են նշանակել, ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին՝ նույնպես, «Մովսես Խորենացի» շքանշանակիր Ռիտա Շառոյանին՝ 3, Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին էլ նույնքան եւ այլն: 2-ներ եւ 1-եր էլ են եղել:

Իր վարքով եւ արվեստագետի բացառիկ կերպարով Արմեն Խանդիկյանը հուզված փորձել է հասկանալ 4, 5 կամ 3 թվանշանների տրագիկոմեդիան: Անվանի դիրիժոր Տիգրան Հեքեքյանն էլ առաջարկել է. «Վատ չէր լինի, եթե մենք էլ քաղաքապետարանի աշխատանքը գնահատեինք նույն ոճով», Ռիտա Շառոյանն էլ իրեն բնորոշ նուրբ հումորով ասել է. «Շնորհակալություն, որ մեզ տարաք դեպի մանկության եւ պատանեկության տարիները, ափսոս՝ օրագիր չունենք: Հաջորդ հանդիպմանը երեւի ծնող կկանչեք»:

Մի քանի կին- տնօրեններ էլ պարապած ժպիտներով ընդունել են իրենց շնորհված «5»-երը, մեկն էլ ասել է՝ իսկ ինչու ոչ 5+:

Ակամա մասնակիցը լինելով այդ զրույցի, հասկացա, թե ինչ տխուր, տհաճ եւ անտանելի պահեր են ապրել արվեստի ճանաչված գործիչները, որովհետեւ մեր մայրաքաղաքի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը Կամո Մովսիսյանն է (նստավայրը՝ ժամը 18-ից հետո «Մեցցո club»), իսկ տեղակալը, ինչպես պետն է շարունակ կրկնում, իր ֆինանսիստ ընկեր Եղիշն է. նա էլ հաշվում է, ջնջում, նորից հաշվում…

ԱՐՄԻՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ

Հ. Գ. Հետաքրքիր է, նորանշանակ քաղաքապետը՝ հանրության կողմից սիրված Տարոն Մարգարյանը, ինչպե՞ս կգնահատի մշակույթի գործիչների հանդեպ քաղաքապետարանի վարչության պետի նմանօրինակ վարքագիծը: Այստեղ կարող է օգնության գալ ժողովրդական իմաստնությունը՝ «Հացը տուր հացթուխին»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930