Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի թանգարանը ուշադրության չի արժանանում

Նոյեմբեր 18,2011 13:44

Չինովնիկների սխալի պատճառով Բերքաբերը միլիոնավոր դրամների հասնող պարտք է կուտակել

Տավուշի մարզի մոտ 500 բնակիչ ունեցող Բերքաբերը մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 27 կմ է հեռու, բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանը (Խաչքարեցի) 1966 թվականին ստեղծել է գյուղի ազգագրական թանգարանը, ուր շուրջ 7500 ցուցանմուշ կա: Սակայն թանգարանը ոչ խորհրդային ժամանակներում եւ ոչ էլ հիմա հաստիքային աշխատող չունի եւ այսօր անմխիթար վիճակում է: Նախկին խորհտնտեսության երկու սենյակները շատ տխուր տպավորություն են թողնում, պատերին խոր ճեղքեր կան, տախտակե հատակը խարխլված է, ցուցանմուշներին փոշու հաստ շերտ է նստած: 90-ական թվականներին ադրբեջանցիները հրետակոծել են նաեւ թանգարանը, տանիքը շարքից դուրս է գալիս, ցուցանմուշները փրկելու համար վերանորոգումը պարզապես անհրաժեշտություն է: Թանգարանը եկել- տեսել են մշակույթի նախկին նախարարներ Ռոլանդ Շառոյանը, Թամարա Պողոսյանը: Վերջինս մշակութային ժառանգության պահպանության գործում ավանդի համար Նորայր Արզումանյանին պատվոգրով է պարգեւատրել, «Հ1»-ն էլ է անդրադարձել այս թանգարանին, սակայն դրանից ոչինչ չի փոխվել («Առավոտ»՝ 03 մարտ 2009, «Հայրենիքիս մոռացված մի անկյունը՝ Բերքաբեր», https://www.aravot.am/ old/am/articles/regions/56929/view):

Թանգարանի հիմնադիր եւ տնօրեն 75-ամյա Նորայր Արզումանյանը, սակայն, չի ընկճվում: Նա շարունակում է աշխատել անվճար, հասարակական հիմունքներով ու ահազանգում է, որ թանգարանի շենքի ծակ տանիքից անձրեւաջրերը լցվում են ներս եւ վնասում ցուցանմուշները:

Բերքաբերի համայնքապետ Սուրեն Խուդավերդյանն ասաց, որ համայնքապետարանը տանիքը նորոգելու համար ֆինանսական միջոցներ չունի: Գյուղապետարանը այս տարի փակել է նախորդ տարիներից մնացած 500 հազար դրամ պարտքը, սակայն դեռեւս 3,3 միլիոն դրամ պիտի փակի՝ Բերքաբերի գյուղապետարանի աշխատավարձի եւ սոցվճարի պարտքը, որ գոյացել է համայնքի եկամուտների թերի հավաքագրման հետեւանքով: Պարտքն առաջացել է 1997-2002 թվականներին՝ նախկինում սեփականաշնորհված 134 հեկտարի պատճառով: Այդ հողերը 1991 թվականից ադրբեջանական վերահսկողության տակ են, փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ  ադրբեջանական ափին: Չգիտես ինչ տրամաբանությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքների հողի հարկը հաշվարկվել է համայնքի բյուջեում, այդ չափով էլ պետական լրավճար քիչ է տրվել համայնքին: Գյուղապետարանը այդ խնդրով բազմաթիվ նամակներ է ուղարկել իշխանության տարբեր մարմիններ: 2002 թվականից այս պարտքը սառեցված է: 2009 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ֆինանսական բաժնից եկել են, համայնքապետարանում ստուգում կատարել եւ պարզել պարտքի պատճառը: Գյուղապետ Սուրեն Խուդավերդյանն ասում է, որ այժմ գյուղնախարարությունը համայնքների հողերի ագրոքիմիական հետազոտություն է անում ու կազմելու է գյուղերի հողատարածքների ագրոքիմիական քարտեզներ: Դրա համար Բերքաբերի համայնքապետարանը պետք է 100-120 հազար դրամ ներդրում կատարի: Եվս 150 հազար դրամ պետք է ծախսվի համայնքապետարանը ինտերնետ կապով ապահովելու համար:

Փոքր, սահմանամերձ Բերքաբեր համայնքի ֆինանսները սուղ են, թանգարան պահելու փող չկա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930