Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին նախագահ-համալսարան գործով՝ բողոք

Նոյեմբեր 18,2011 13:40

Փայավճարի դրամական գնահատումը կատարվում է կոոպերատիվի անդամների համաձայնությամբ

Դեռ 2009թ. հուլիսի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր հայցով դիմել Ազգային ժողովի նախկին նախագահ, «Հրաչյա Աճառյան» համալսարանի նախկին պրոռեկտոր Արմեն Խաչատրյանը: Հայցը «Հրաչյա Աճառյան» համալսարան-արտադրական կոոպերատիվի դեմ էր: Ըստ հայցվոր Արմեն Խաչատրյանի, իր «փայը» կազմել է 30 տոկոս: 1999թ.-ին, երբ հայցվորն ազատվել է վերոնշյալ ուսումնական հաստատության պրոռեկտորի պարտականություններից եւ ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր, ապա՝ ԱԺ նախագահ, համալսարանը շարունակել է բնականոն տնտեսական գործունեություն ծավալել: Սակայն, ըստ հայցվորի, 2001թ.-ից հետո իր շահութաբաժինները վճարվել են մասնակի: Նա հաշվարկել էր 2001-2008թթ. շահութաբաժնի չափը եւ այն կազմել էր 12.532.290 դրամ:

Արմեն Խաչատրյանին հասանելիքը, դատարան ներկայացրած հիմնավորումներով, կազմել էր 169. 064. 580 դրամ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցվորի պահանջը եւ վճռել հօգուտ Արմեն Խաչատրյանի բռնագանձել 169. 064. 580 դրամ: Համալսարանից հօգուտ պետբյուջեի վճռվել էր գանձել 3մլն 181.291 դրամ:

«Հրաչյա Աճառյան» համալսարան- արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչն առարկելով հայցի դեմ, հայտնել էր, որ հայցադիմումն անհիմն է: Համալսարանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան եւ այսօր բողոքը քննության կառնվի:

Ըստ պատասխանող համալսարանի, ընկերության կանոնադրությունը գրանցվել է օրենքով սահմանված կարգով՝ պետական լիազոր մարմնի կողմից։ Այդ կանոնադրության 7.2. կետի 1-ին ենթակետի համաձայն էլ, կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն էր պատկանում «կոոպերատիվի շահույթների եւ վնասների բաշխումը», ինչը պատշաճ կերպով կատարվել է կոոպերատիվի ընդհանուր ժողովի կողմից։

Հայցվորը վկայակոչել էր «Գրանտ Թորնթոն Ամիօ» ՍՊ ընկերության կողմից 2001-2007 թվականների ֆինանսական արդյունքների վերաբերյալ ստուգումները: Այն, ըստ պատասխանողի, որպես ապացույց չէր կարող դրվել հայցադիմումի հիմքում, քանի որ ընկերության կանոնադրության 7. 2 կետի 12 ենթակետի համաձայն (այն իմպերատիվ պահանջ է-Ռ.Մ.). «Կոոպերատիվի անդամների բացառիկ իրավասությանն է պատկանում կոոպերատիվի աուդիտն իրականացնող անձի հաստատումը»։ Ի դեպ, նույն կանոնադրության 5. 3 կետով էլ նախատեսված է, որ «փայավճարի դրամական գնահատումը կատարվում է կոոպերատիվի անդամների միջեւ համաձայնությամբ, շուկայում ձեւավորված գների հիման վրա եւ ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման»։

Դատարանում պատասխանողն ասել էր եւ նույնը ներկայացրել նաեւ վերաքննիչ դատարան, որ «Գրանտ Թորնթոն Ամիօ» ՍՊ ընկերության կողմից, ընկերության անդամները փայաբաժնի դրամական գնահատման վերաբերյալ չեն տվել նմանօրինակ իրավունք այդ ընկերությանն աուդիտ իրականացնելու համար։

Ըստ ընկերության կանոնադրության 4. 5 կետի, կոոպերատիվի անդամն իրավունք ունի բողոքարկել իր իրավունքները խախտող կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի եւ գործադիր մարմնի որոշումները։ Հետեւաբար, պատասխանողի տրամաբանությամբ, առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշումը բողոքարկելու, հայցապահանջն իրավազուրկ է։

Արմեն Խաչատրյանը մինչ իր հայցը կբավարարվեր, գրել է, որ չի տիրապետում կոոպերատիվի կողմից հաշվարկված շահույթի կոնկրետ չափը հաստատող հաշվապահական եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերին: Պատասխանողը տեղեկացրել էր, որ դեռեւս 06.08.2008թ. Արմեն Խաչատրյանի ներկայացուցիչ Հ. Թադեւոսյանը գրություն է տվել, որով հայտնում է, որ ստացել է «Հրաչյա Աճառյան» համալսարան ա/կ 2007թ. հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը եւ 2004–2006 թթ. տարեկան ընդհանուր ժողովների արձանագրությունների պատճենները։

Կողմի հակափաստարկներից մեկն այն է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել կողմերին ազատ պայմանագիր կնքելու, ինչը կատարել են։

Եթե ընկերության անդամները կամավոր կերպով կնքել են պայմանագիրը, հաստատել կանոնադրությունը, ապա գործող կանոնադրության շրջանակներում պետք է գործի ընկերությունը:

Պատասխանողը պահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Տեսնենք՝ ինչ կլինի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930