Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փախստականների նոր քաղաքը չի մնա «անմարդաբնակ»

Նոյեմբեր 18,2011 13:38

Վստահեցնում են հենց իրենք՝ ադրբեջանահայերը

«Ես վազելով կգնամ այնտեղ ապրելու: Կիրովաբադ եմ ուզում գնալ, բայց այնտեղ էլ կգնամ, որ գոնե մոտենամ մի քիչ: Արեւմտահայերը չե՞ն ուզի իրենց երկիր վերադառնալ, նույնն էլ մենք»,- այսպես պատասխանեց ազգագրագետ, փախստական Սուսաննա Մելիքյանն «Առավոտի» այն հարցին՝ կգնա՞ արդյոք փախստականների համար կառուցվելիք նոր Բագարան քաղաքում ապրելու: Նոր քաղաքը կառուցվելու է Մեղրիի հարեւանությամբ՝ ազատագրված Քաշաթաղի շրջանում: Ըստ Ս. Մելիքյանի՝ «Սա քաղաքական եւ հումանիտար խնդիր է, ընդամենը պետք է պնդել եւ անել: ՄԱԿ-ը ոչինչ չի կարող ասել»:

Չնայած նրան, որ ներկայումս էլ ազատագրված տարածքներում վերաբնակեցնելու պետական ծրագիր է իրականացվում, սակայն կարելի է ասել՝ շատ քիչ թվով մարդիկ են ցանկություն հայտնում ապրել այդ տարածքներում: Նրանց չի գայթակղում նույնիսկ այն, որ ցանկացողներին անվճար բնակարան եւ անասուններ են խոստանում:

Մեր հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ այդքան մեծ ծախսեր անելուց եւ նոր քաղաք կառուցելուց հետո կգնան փախստականներն այնտեղ ապրելու, այն դեպքում, երբ ազատագրված այլ տարածքներ այսօր անմարդաբնակ են, Ս. Մելիքյանը պատասխանեց. «Կգնան, եթե մի փոքր աջակցություն լինի: Իրենք որ գնան, ոչ ոք չի կարող ասել՝ ո՞ւր ես գնում եւ ինչո՞ւ ես գնում: Խնդիր չկա: Դա իրենցն է: Փախստականները միակ ուժն են, որ տան տերն են, եթե անգամ այդ տարածքը Ադրբեջանինը դառնա: Միջազգային հանրությունը դրան բան չի կարող ասել, ստիպված պետք է անվտանգություն երաշխավորի: Մինչեւ հիմա չի եղել բնակեցում, քանի որ գերտերությունները թույլ չեն տվել, բայց Ադրբեջանը չի նայում դրան եւ ամբողջ Հյուսիսային Արցախը բնակեցնում է, նույնիսկ քրդերով, որովհետեւ իր թիկունքում Թուրքիա ունի, իսկ Հայաստանն ու Արցախը վախենում են, որովհետեւ միջազգային հանրությունն արգելում է: Մեր ձեռքն է, մենք չենք բնակեցնում: Մնացած մասերը հետո էլ կարող ենք բնակեցնել, «պաժառը» այս ազատագրված տարածքներն են, որովհետեւ վաղը, մյուս օր կարող է ճնշում գործադրվի հանձնելու համար»:

Խորհրդային տարիներին Ադրբեջանից Հայաստան եկած փախստականների իրավական խորհրդական Անդրեաս Ղուկասյանի կարծիքով էլ՝ ադրբեջանահայերը կգնան նոր քաղաքում ապրելու, քանի որ այնտեղ տնտեսությունը զարգացնելու ուղիներն էլ են հաշվի առնված. «Ազատագրված տարածքներում ամենաանվտանգն է, տնտեսական ու տարածաշրջանի զարգացման առումով՝ ամենաէֆեկտիվը: Իրանի նավթային ռեսուրսները ընդամենը 150-200 կմ-ի վրա են, ըստ էության հնարավոր է այնտեղ կազմակերպել նավթավերարտադրության կենտրոն, որը քաղաք ստեղծող հիմնաքարը կլինի: Գյուղարտադրության ոլորտում էլ մեծ ներուժ կա»: Նրա խոսքերով, Ադրբեջանից գաղթել է 100 հազար ընտանիք, որից 20 հազարը՝ գյուղական համայնքներից, իսկ 80 հազարը քաղաքից են եղել. «Այն մարդիկ, որոնք դուրս են եկել գյուղական համայնքներից, բնակեցված են Հայաստանի եւ ազատագրված տարածքների համայնքներում: Այդ մարդկանց համար այս առաջարկը բնականոն է, հասկանալի ու ընդունելի: Քաղաքի բնակչի համար այս առաջարկը հետաքրքիր չէ, քանի որ նման բնակավայրում, օրինակ, չի կարող իր մասնագիտությունը օգտագործել: Դա ակնհայտ բացատրություն է, թե ինչու այդ տարածքներում տեղի չի ունեցել վերաբնակեցում: Վերաբնակեցման ծրագիրը հիմնված չէ տնտեսականի, այլ տարածքում բնակչություն ունենալու վրա, դրա համար էլ տապալվեց: Առհասարակ, եթե այդ խնդրին լայն մոտենանք, մեր վերահսկողության տակ գտնվում է ազատագրված 7 քաղաք, հիմա այդտեղ միջավայր չկա, բնակեցում չկա, այսինքն՝ ի սկզբանե երբեք ոչ ոք չի առաջարկել, որ այս հատվածում ապրեն այնպես, ինչպես քաղաքային միջավայրում»:

Մեր այն հարցին՝ քաղաքի կառուցման ֆինանսավորումը ինչի՞ հաշվին է լինելու, պարոն Ղուկասյանն ասաց, որ հիմնական մասը՝ ադրբեջանահայերի միջոցներով. «Խնդիր կա գումար ներգրավելու: Ներդրողներն ուզում են իրենց գումարը հետ վերադարձնել: Հայաստանը շատ է խոսում ներդրումների մասին, բայց մեր երկիրը ներդրողներին լավ պայմաններ չի առաջարկում: Մեր մոտեցումը եղել է այսպես՝ չպետք է ներդրողներից չպահանջվի, որ իրենց բիզնեսում որեւէ պաշտոնյա իր բաժինն ունենա, օրինակ՝ «կռիշ» կանգնի եւ այլն, եւ այլն, այլ դա կախված լինի ադրբեջանահայերի ինքնավար մարմնի հոգեբանությունից ու մոտեցումներից»:

Բացի այդ, ըստ նրա, գերտերությունները ունեն բանաձեւ, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է վերադարձնի տարածքներ, իսկ ադրբեջանականը՝ ճանաչի ԼՂՀ կարգավիճակը. «Եթե այդ տարածքներում ապրում են ադրբեջանահայեր, ապա տարածքի կարգավիճակը կտրուկ փոխվում է, ու այս բանաձեւն անհնար է առաջ քաշել, որովհետեւ առանց այնտեղ ապրող մարդկանց համաձայնության, բնականաբար, այս տարածքների վերաբերյալ որեւէ հարց չի կարող լուծվել: Այստեղ պետք են հստակ արգումենտներ. եթե այս ճանապարհով ադրբեջանահայերի խնդիրը չլուծվի, նշանակում է, որ առհասարակ այս մարդկանց իրավունքների վրա խաչ կքաշվի, քանի որ երբեք Ադրբեջանում չի լինի իրադրություն, որ ադրբեջանահայերը կարողանան անվտանգ եւ կամավոր վերադառնալ այնտեղ»:

ԱՆՈՒՇ  ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930