Լրահոս
Օրվա լրահոսը

Օղու գովազդը անշա՞ռ է

Նոյեմբեր 18,2011 13:36

Ըստ դպրոցի տնօրենի՝ երեխաների համար ավելի վտանգավոր են Հայկո-Մկոյի անեկդոտները, կազինոները գովազդելն ու կրիմինալ քարոզող սերիալները:

Լուսանկարում պատկերված օղու այս գովազդային վահանակը տեղադրված է Արշակունյաց փողոցում, թիվ 13 դպրոցի անմիջապես հարեւանությամբ: Այս վահանակն այնպիսի ակնառու վայրում է գտնվում, որ աշակերտները, ուզեն, թե չուզեն, դպրոց գնալ-գալիս, դասերի ժամանակ՝ պատուհաններից դուրս նայելիս տեսնում են ու գայթակղվում՝ թե այդ ի՞նչն է, որ այդպես «թեթեւ լցվում, փափուկ խմվում է», ինչպես որ գովազդում է ասվում:

«Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է՝ «Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաեւ մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում եւ դրանց տարածքում»։

Ճիշտ է, օղու այս գովազդային վահանակը հենց դպրոցին պատկանող տարածքում չէ, ինչպես որ նշված է օրենքում, սակայն օրենքը չի էլ հստակեցնում, թե տարածք ասելով ինչ սահմանափակում կամ քանի մետր հեռավորություն նկատի ունեն:

Կրթահամալիրի ցանկապատին կից նման գովազդ տեղադրելը նույնն է, թե այն գտնվում է դպրոցի տարածքում: Նկատենք, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներ անգամ ցանկապատված էլ չեն, եւ այս դեպքում ինչպե՞ս պետք է հստակեցվի՝ տվյալ վահանակը դպրոցի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ:

Վերջերս Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների «ռեյդ» արեց՝ պատճառաբանելով, որ դրանք խաթարում են քաղաքի տեսքը, սակայն հանրակրթական դպրոցի աջ ու ձախ կողմում 3 նույն օղու գովազդային վահանակը թույլատրելի են համարում՝ վստահեցնելով, որ օրենքի խախտում չկա:

«Առավոտը» դպրոցի տնօրենից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում դպրոցին կից ոգելից խմիչքի գովազդի առկայությանը: Թիվ 13 դպրոցի տնօրեն Հռիփսիմե Տանանյանը վստահեցրեց, որ օղու գովազդը չարյաց փոքրագույնն է, ինչին ինքը ականատես է լինում. «Այսօր երեխաները հեռուստատեսությամբ այնպիսի խայտառակ բաներ են տեսնում, որ դրանց դիմաց էդ գովազդը դեսերտ է, անշառ մի բան: Որպես տնօրեն՝ Աստված կկանչեմ, որ իմ երեխաների տեսած ամենավատ բանը լինի օղու այդ գովազդը՝ «բելի կլյուչը»: Օրը ցերեկով այնպիսի բաներ են ցույց տալիս էդ հայկո-մկոների սահմանն անցած անեկդոտները, սիրո մասին ամենապրիմիտիվ սերիալները, որոնց վերջը կրիմինալն է: Էլ չեմ խոսում «տատուների» մասին, որ մանրամասն ցույց են տալիս, թե ոտքից գլուխ ինչ պատկերներ են դաջում: Իսկ էդ օղին երեխան անգիր գիտի, որ դա ծիրանի կոմպոտ չի ու ասի՝ վա՜խ, ուզում եմ»:

Մեր այն հարցին, թե տիկին Տանանյանը դպրոցի մոտ տեղադրված նման գովազդն իսկապես վտանգավոր չի՞ համարում, ասաց. «Վտանգավորների այս մեծ հորձանուտում դա ամենաանշառ բանն է: Ճիշտ է, ձեր բարձրացրած խնդիրը հոգատար քայլ է, բայց SOS հնչեցնելու պահը չէ: Այսօր ինտերնետ- ակումբներում տեսե՛ք, թե քանի երեխա է վաղվա կազինոյի այցելու դառնում: Աստծո տաճար՝ Էջմիածին գնալու ճանապարհին տեսե՛ք՝ քանի գայթակղիչ կազինոներ կան: Երուսաղեմի ճանապարհին ոչ ոք կազինո չի կառուցի: Ա՛յ, սա է Աստծո զուլումը: Այդքանի մեջ էդ մի հատ օղու գովազդը այնքան էլ վտանգավոր չէ: Ես 41 տարի «տրամվի պարկի» դպրոցի ուսուցիչ ու տնօրեն եմ եղել, էդ մայլում էնքա՜ն բան եմ տեսել, ամեն օր խոպան եմ հերկում: Կաշեգործների թաղամասով որ անցնենք, այդ վահանակը ձեր աչքին Նոր տարվա տոնածառ կերեւա»:

Դպրոցի տնօրենի կարծիքով՝ շատ ավելի վտանգավոր է երեխաների համար դպրոցից դուրս գալ ու փողոցն անցնել: Այդ հատվածում, որը տնօրենը մահվան գոտի է անվանել, ճիշտ է, հետիոտնային անցում կա, սակայն լուսակիր չկա, իսկ մեքենաներն էլ ոչ միայն չեն կանգնում, այլեւ սրընթաց անցնում են: Տիկին Տանանյանի խոսքերով՝ «Ամեն օր կոլեկտիվով Աստծուն մատաղ ենք խոստանում, որ երեխաներն այսօր էլ անփորձանք անցան փողոցը: Սա այն տարածքն է, որտեղ անպայման վերգետնյա անցում է անհրաժեշտ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930