Արդեն քանի օր է՝ մայրաքաղաքի կանգառներում շարքային ոստիկանները սուլիչներով կարգի են հրավիրում հետիոտներին ու հասարակական տրանսպորտի վարորդներին: Հետիոտներին թույլ չեն տալիս փողոցն անցնել չնախատեսված վայրերում եւ առանց լուսացույցի, իսկ վարորդներին արգելում են կանգառներում կուտակումներ առաջացնել ու կանգառների համար նախատեսված կահավորանքից դուրս կանգնել: Այս կարգը սահմանվեց նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց:
Նշենք, սակայն, որ այս ոլորտին առնչվող ոչ պակաս կարեւոր հարցեր դեռեւս անլուծելի են մնում, մասնավորապես՝ ո՛չ սուլիչներով օրենքի պահապանները, ո՛չ էլ ճանապարհային ոստիկանները չեն արգելում միկրոավտոբուսներին երթեւեկել գերբեռնված: Ներկայումս մի շարք երթուղագծերում՝ թիվ 22, 75, 81, 45, 9, 41, 65, 39, 100 եւ այլն, հատկապես օրվա պիկ ժամերին միկրոավտոբուսները նախատեսվածից կրկնակի ավելի են ուղեւոր վերցնում՝ ամեն օր վտանգելով հարյուրավոր քաղաքացիների կյանքը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ