Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղը կամ գուցե՝ վաղը չէ մյուս օրը

Նոյեմբեր 18,2011 13:11

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ ներկա իշխանությունների խոսքն ու գործն անցած 3 տարիներին չեն համընկել: Իսկ ահա Դաշնակցությունը նման խնդիր չունի:

– Պարոն Մարգարյան, խորհրդարանական ընտրություններին մի քանի ամիս է մնացել. ՀՀԿ-ն արդեն ձեւավորում է իր նախընտրական շտաբը, ՕԵԿ-ը գրասենյակներ է բացում, ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների մոդելով փորձարկում է իր առաջիկա ռազմավարությունը. ինչպե՞ս է պատրաստվում Դաշնակցությունը:

– Ամեն քաղաքական ուժ պատրաստվելու իր ոճն ունի: Ամբողջ հարցն այն է, թե ինչ ակնկալիքով ես գնում ընտրությունների եւ ինչպես ես փորձում քվե հավաքել: Մեր կազմակերպությունն արդեն այնքան կայացած է, որ մենք անհրաժեշտություն չունենք նոր մեծ վերադասավորումների, գրասենյակներ բացելու եւ այլն: Բավական է պարզապես սկսել աշխատանքները: Եվ գրեթե արդեն սկսել ենք: Վերջին հաշվով ՀՅԴ աշխատանքը մի քիչ տարբեր է՝ այն առումով, որ մենք փորձում ենք ստանալ ժողովրդի գիտակցված քվեն: Այսինքն՝ մենք չունենք այն նյութական հնարավորությունները, եթե ունենայինք էլ՝ չէինք անի, որ դրամի ուժով փորձենք ապահովել մեր քվեները: Մենք չունենք պետական լծակներ, չունենք այն ազատությունը, որ մեզ թույլ տանք ամեն մարդու հետ գործ բռնել: Մենք ունենք սկզբունքներ, արժեհամակարգ, որոնք անփոփոխ են, եւ որոնց համահունչ պետք է կարողանանք աշխատել:

– Բայց յուրաքանչյուր ընտրություն ընթանում է նախորդից որոշակիորեն տարբերվող քաղաքական մթնոլորտում եւ դրանից ելնելով՝ թելադրում է նոր մարտավարություն: Օրինակ՝ գալիք ընտրությունների հետ կապված՝ իշխանությունները հայտարարել են, որ դրանք լինելու են աննախադեպ թափանցիկ եւ որակապես հեղափոխական: Դաշնակցությունը պատրա՞ստ է որակապես նոր ընտրությունների, եւ որքանո՞վ եք ներկա իրավիճակում դա ռեալ համարում:

– Կուզենայի հավատալ, որ դա այդպես կլինի: Բայց փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունների խոսքն ու գործը չեն համընկնում: Կարող եմ մատնանշել նախագահի բազմաթիվ ելույթներ, որոնցում նա այս երկրում ինչ-որ բան փոխելու հույս է ստեղծել, կամ վարչապետի գեղեցիկ խոսքերը, որոնցից ոչ մեկը, սակայն, իրականություն չեն դարձել: Դրա համար ես մեծ փոփոխությունների ակնկալիք չունեմ: Թեպետ, կրկնում եմ, կցանկանայի, որ այդպես լիներ, որ իշխանությունը կամք ցույց տար՝ որակապես այլ ընտրություն անցկացնելու: Իսկ Դաշնակցությունն ընտրություններին գնում է իր սոցիալ-տնտեսական պլատֆորմով՝ այն, ինչով մենք տարբերվում ենք հրապարակի վրա եղած բոլոր կուսակցություններից, որոնք գրեթե բոլորն անխտիր հավատում են ազատ շուկայական հարաբերություններին, լիբերալիզմին եւ այլն: Իսկ մենք սոցիալիստական ծրագիր ունենք եւ հենց այս առումով արդեն այլընտրանք ենք բոլորին: Այլ հարց է, որ ժողովուրդը հիմա այնքան ծանր իրավիճակում է, որ այլեւս ընդհանրապես չի ուզում խոսքերին հավատալ: Նաեւ՝ հավանաբար մեր խոսքին նույնպես:

– Ի դեպ, խոսքերին հավատալու հետ կապված մի այսպիսի հիշեցում. ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նախօրեին հայտարարեց, որ 2012 բյուջեի նախագիծը ձախողված է, եւ կառավարության միակ ճանապարհը հեռացումն է, դեռեւս անցած մայիսին ՀՅԴ անունից հրապարակավ խոստացավ, որ աշնանային նստաշրջանը սկսելուն պես՝ Դաշնակցությունն ԱԺ-ում կբարձրացնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Երկու ամիս առաջ Դուք կրկին պնդեցիք դա, սակայն մենք տեսնում ենք, որ Դաշնակցությունը բավարարվում է ընդամենը քննադատություններով: Հետեւաբար Դաշնակցության գործն ու խոսքն էլ միշտ չէ, որ համընկնում են:

– Ոչ, դա դեռ լինելու է, դա ուղղակի խորհրդարանական գործունեության թելադրանքներով է պայմանավորված: Այդ հայտարարությունը մենք ձեւական չենք արել, հարցը օրակարգում է եւ, այսպես ասած, հերթի մեջ է:

– Բայց չե՞ք կարծում, որ հերթն անցնում է, ըստ էության՝ էլ ժամանակ չմնաց:

– Երբ էլ անենք՝ վնաս չկա, շահ է:

– Նայած՝ թե ում շահն է:

– Մեր շահն է՝ ժողովրդի՝ բնականաբար: Խոսքի ու գործի համապատասխանության առումով մենք խնդիր չունենք: Անցած 20 տարվա ընթացքում մենք կարեւորել ենք Ղարաբաղի հարցը, եւ մեր կուսակցության մեկ ութերորդը զոհվել է Ղարաբաղում: Մենք կարեւորել ենք ազգային խնդիրները եւ մշտապես սկզբունքային ենք եղել: Մենք սոցիալական առումով զանազանվել ենք բոլորից եւ թե կառավարության մեջ, թե դրանից դուրս փորձել ենք սոցիալական հարցերը հաջողեցնել եւ դրա մասին ունենք կոնկրետ փաստեր: Իհարկե, կան նաեւ փաստեր, որ չենք հաջողել, բայց դա այն պատճառով, որ մեր ունեցած քվեն բավարար չի եղել:

– Չե՞ք կարծում, որ որոշ բարձրաստիճան դաշնակցականների բիզնես-գործունեությունը զգալիորեն ստվերում է Դաշնակցության՝ սոցիալական արդարության համար պայքարողի իմիջը:

– Նախ՝ դաշնակցականները, ինչպես եւ սովորական մարդիկ, իրավունք ունեն բիզնես ունենալ: Բայց Դաշնակցության մեջ խոշոր, աչք ծակող, օլիգարխիկ բիզնես երեւույթներ գոյություն չունեն:

– Ուզում եք ասել՝ Հայաստանում դաշնակցական օլիգարխներ չկա՞ն:

– Ցավոք սրտի՝ չկան: Ցավոք սրտի, որովհետեւ եթե մարդը կարողանում է բիզնեսում հաջողություն ունենալ եւ հարստանալ, դա վատ երեւույթ չէ: Խնդիրն այն է, թե մենք հարստացման ո՞ր չափի մասին ենք խոսում: Ինչ վերաբերում է կոնկրետ Դաշնակցության անդամների բիզնես-գործունեությանը, ապա ես կարծում եմ, որ այդ հարցը հաճախ շահարկվում է մեր համեստության պատճառով: Այսինքն՝ որ հրապարակավ չենք պատասխանում այդ ամենին:

– Պարոն Մարգարյան, Դուք մի քանի ամիս առաջ ենթադրեցիք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կվերադառնա 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Նման տարբերակին նախապատրաստվելու համատեքստում հնարավո՞ր է այլ՝ քոչարյանամետ քաղաքական ուժերի հետ նախընտրական դաշինք կազմեք:

– ՀՅԴ-ն ինքնուրույն կուսակցություն է եւ որեւէ ուժի, մանավանդ՝ անձի կցորդ կազմակերպություն չի կարող լինել: Եթե որեւէ մեկն այդպես է մտածում, նշանակում է՝ լավ չի ճանաչում Դաշնակցությանը: Իհարկե, դաշինքները բացառված չեն, բայց երկու հարց կա, որոնց պատասխանները պետք է մեզ համար հստակ լինեն ի սկզբանե: Նախ ո՞րն է դաշինքի նպատակը: Եթե ավելի շատ քվե ստանալն է, ապա դա չի կարող մեզ համար այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու պատճառ հանդիսանալ: Մեր դաշինքը պետք է լինի ինչ-որ ուղղորդված նպատակ հաջողեցնելու շուրջ:

– Իսկ կարո՞ղ է այդ նպատակը լինել հենց Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելը:

– Դա մեզ համար չի կարող նպատակ լինել: Եվ նշեմ երկրորդ հարցը՝ ինչպե՞ս ենք մենք իրականացնելու մեր ընդհանուր նպատակային միասնությունը: Ահա այս հարցերը հստակեցնելու դեպքում մենք կարող ենք ճշտված նպատակների, թիրախների շուրջ համագործակցել ցանկացած ուժի հետ:

– Ցանկացա՞ծ, նաեւ ՀԱԿ-ի՞:

– Կարծում եմ՝ ՀԱԿ-ի հետ չի կարող լինել այդ նպատակային ընդհանրությունը:

– Պարոն Մարգարյան, Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում նշեց իր՝ քաղաքականություն վերադառնալու համար անհրաժեշտ երեք գործոնները, որոնցից մեկը վերաբերում էր նրա քաղաքական պահանջարկին: Ձեր գնահատմամբ՝ ներկայումս որքանո՞վ է Քոչարյանի վերադարձի քաղաքական պահանջարկն առկա:

– Կարծում եմ՝ այդ հարցը պետք է իրեն ուղղեք: Ճիշտ չէ, որ մենք այդ հարցին պատասխանենք:

– Այնուամենայնիվ, որպես Ռոբերտ Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարան, Դաշնակցությունն այսօր նման պահանջարկ զգո՞ւմ է:

– Ես կարծում եմ՝ այսօր առկա է Դաշնակցության իշխանության գալու քաղաքական պահանջարկ:

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930