Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճանապարհի ընտրություն

Նոյեմբեր 18,2011 12:59

Պարզ օրինաչափություն է. երբ ընդդիմությունը ակտիվ չէ, բանավեճը տեղափոխվում է իշխանության դաշտ: ՀԱԿ-ը, ինչպես երեւում է, վերջին երկու ամիսներին ընտրել է պասիվ մարտավարություն. ըստ որոշ տեղեկությունների՝ սպասում է, մինչեւ խոպանչիները վերադառնան Հայաստան եւ սոցիալական բողոք բարձրացնեն: Կոնգրեսի այդ կրավորական կեցվածքի պատճառով հասարակության ուշադրությունը սեւեռվել է իշխանական ճամբարում հակասությունների վրա: Բայց եթե որեւէ մեկը հույս ունի, որ այդ հակասություններն ի վերջո կբերեն պայթյունի, ապա դա, կարծում եմ, սխալ հաշվարկ է. «մոլորակների շքերթը», որը դասավորվել էր 1998-ին, կարող է այլեւս երբեք չկրկնվել:

Իհարկե, ներիշխանական եւ իշխանություն-ընդդիմություն բանավեճերը տարբերվում են իրենց հրապարակայնության աստիճանով. երբ մեկն ասում է՝ «դուք ավազակապետ եք», իսկ մյուսը պատասխանում է՝ «ոչ, մենք ավազակապետ չենք», ապա այստեղ, իհարկե, չկա դիսկուրսի որեւէ տարր, բայց, համենայնդեպս, հանրությանը պարզ է, թե որ հարցն է դրված օրակարգում: Իշխանության ներսում (եւ ընդդիմության ներսում էլ) ոչ ոք չի խոստովանի, թե իրենց մեջ հակասություններ կան. հակառակը՝ նույն թիմի ներկայացուցիչները մի բան էլ կշշպռեն լրագրողներին. «ոմանք լուրեր են տարածում՝ իբր մեր միջեւ եղած հակասությունների մասին, սակայն դա սուտ է, հերյուրանք է, մենք միասնական ենք, ամրակուռ ենք» եւ այլն:

Սակայն իշխանության ներսում կա, այնուամենայնիվ, բանավեճ, որը գուցե փակ հանդիպումների ժամանակ էլ չի ստանում իր բառային ձեւակերպումը: Այդ բանավեճի օրակարգը հետեւյալն է. ինչպիսի՞ մեթոդներով հասնել իշխանության թիմի հաղթանակի, արդյոք անհրաժե՞շտ են կտրուկ, կոշտ մեթոդներ, թե՞ բավարար են համեմատաբար մեղմ միջոցները: Վերջին 13 տարում նման բանավեճ չկար, որովհետեւ կասկած էլ չկար, որ կարծր մեթոդները խիստ անհրաժեշտ են: Այն, որ այսօր նման հարց է ծագում, արդեն իսկ մթնոլորտի որոշակի փոփոխության մասին է խոսում:

Ե՞րբ է պարզ դառնալու, թե որ ճանապարհն է ընտրել իշխանությունը: Բնականաբար, մոտակա ամիսների ընթացքում: Եթե բացեք ՀՀԿ նախընտրական ցուցակը եւ տեսնեք այնտեղ Շմայսի, Նավոյի, Ալրաղացի նման կերպարներ, ուրեմն իմացեք, որ ընտրված է կարծր ճանապարհը: Հարցի պատասխանը հայտնի կդառնա նույնիսկ ավելի վաղ: Եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այս անգամ էլ ազատեն պատասխանատվությունից եւ «պլստացնեն», ապա վստահ եղեք՝ մեթոդները շատ խիստ, բռի եւ լկտի են լինելու: Այսինքն՝ իշխանությունն այդ դեպքում կխոստովանի, որ Սյունիքում իր հաղթանակն ապահովելու համար իրեն պետք են Լիսկայի նման «գործիչներ», իսկ թե ինչպես են նման մարդիկ «աշխատում» ընտրությունների ժամանակ՝ բոլորը գիտեն: Այդ դեպքում տրամաբանական կլինի, որ Էրեբունիում ՀՀԿ ենթաշտաբի պետ նշանակվի Թոխմախի Մհերը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930