Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչը կախվել էր 1,5 մլն. դրամ պարտքի պատճառո՞վ

Նոյեմբեր 18,2011 12:22

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ գիշեր իր տան 2-րդ հարկ տանող միջանցքի աստիճաններում կախվել էր Ջրառատ գյուղի դպրոցի 62-ամյա ուսուցիչ Անուշավան Դարբինյանը: Շիրակի մարզի Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Մամիկոն Մկոյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նա գրություն է թողել` հորդորելով իր ինքնասպան լինելու մեջ չմեղադրել ոչ մեկին: Կան վարկածներ, որ ուսուցիչը եղել է հոգեկան դեպրեսիայի մեջ: Դպրոցի տնօրեն պարոն Սուքիասյանն էլ, որը 40 տարվա մանկավարժին գնահատում է որպես հանգիստ ու պատվով մարդ՝ փոխանցեց, որ գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ նա 1,5 մլն դրամի պարտք է ունեցել, փորձել է բիզնեսով զբաղվել, խանութ դնել, այդ նպատակի համար վարկեր է վերցրել ու տուժել: Գյուղում նույնիսկ լուրեր են պտտվում, որ նա ինքնասպան լինելուց առաջ ցուցակ է թողել՝ նշելով, թե ում ինչքան է պարտք:

Գյուղում խոսվում է նաեւ այն մասին, որ մանկավարժի ընտանիքում հաճախակի են եղել ֆինանսական հողի վրա վիճաբանություններ: Սակայն գյուղացիներն ապշած են, թե 5 չափահաս ու աշխատող տղաներ ունեցող ուսուցիչը ինչո՞ւ է դիմել նման քայլի: Գյուղացիների ասելով, նրա որդիներից մեկը բնակվում է Աստրախանում իր ընտանիքի հետ, գործերը բավականին լավ են, երկուսն էլ գնացել են Մոսկվա խոպան: «Անուշավան Դարբինյանը նախկինում գծագրություն, նկարչություն էր դասավանդում, հիմա ժամերը քչացան, նրան ձեւակերպեցինք որպես գիշերային պահակ, 4 ժամ էլ նախատեսեցինք տղաներին աշխատանքի ուսուցում դասավանդելու համար: Մյուս տարի հուլիսին թոշակի էր գնալու: Էնքան պատվով, ամոթ ունեցող մարդ էր, որ չկարողանալով պարտքերը մարել, ուղղակիորեն չկարողացավ մարդկանց աչքերին նայել»,- իր կարծիքն ու ափսոսանքը այսպես արտահայտեց դպրոցի տնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել