Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իմացած երկրաչափությունը սկսվում ու վերջանում է մի հարթության վրա՝ մու-տի-լով-կա-յի»

Նոյեմբեր 18,2011 11:30

Հայաստանում ծավալվում են ամենակարեւոր իրադարձությունները. մի անհայտ մարզպետ մի անմեղ կնոջ է խփել (այդպես էլ անհասկանալի մնաց՝ ոտքո՞վ, ձեռքո՞վ, մտքո՞վ), վարչապետն էլ մի երեկո հարբած ելույթ է ունեցել։ Եվ այս դարակազմիկ դեպքերի վերաբերյալ բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են, ու բոլորն իրենց պարտավորված են համարում մեկնաբանել, իսկ հայկական մենթալիտետը մեկնաբանելը միայն մի հարթության մեջ է տեսնում՝ մեղադրել, մերկացնել, խարանել։ Վերջ։ Ուրեմն ելքը մեկն է՝ ազգովին կախում ենք Հանրապետության հրապարակում մարզպետին, Ազատության հրապարակում՝ վարչապետին, մի երկու ժամ շուրջները պտտվում ենք եւ գոհ ու բախտավոր գնում ենք տուն։ Նվազ պատժի նրանք արժանի չեն, մենք համաձայն չենք։ Կախում ենք։ Որ մեզ կարեւորված զգանք մեր արած կարեւոր գործով, որ երջանկանանք հանուն հանուրի երջանկության մեր արդյունավետ գործունեությամբ, որ լցնենք մեր հոգու պարապը։ Որովհետեւ այսպիսին ենք դարձել։ Որովհետեւ միտք-սիրտ-հոգի եռանկյունը մեզ համար օտար մարմին է։ Օտար ու անծանոթ երկրաչափություն։ Որովհետեւ մեր իմացած երկրաչափությունը սկսվում ու վերջանում է մի հարթության վրա՝ մու-տի-լով-կա-յի։ Ու դա ամենահայերեն բառն է, որ ամենաբնորոշն է հայ իրականությանը՝ ամենավերինից ամենաստորին մակարդակներում։ Ցավոք։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ այնքան գայթակղիչ է ոչինչ չանելով հանուրի անցուդարձին խառնվելը, դասեր տալը, սեփական արժանիքների ու ամբիցիաների բարձրությունից մյուսների անարժանիության ու ամբիցիաների անհեթեթության մասին խոսելը։ Ու՝ նորից ինչո՞ւ։ Ինչպե՞ս է, որ քաղաքական, հասարակական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, պատմական կյանքի կարեւորագույն իրադարձությունների վրա մեր ուշադրությունը չի բեւեռվում, մեր միտքը կանգ չի առնում, ու մեր սիրտը չի ցավում։ Ինչո՞ւ է լրատվամիջոցների ազատությունն ընկալվում ընդամենը լրատվամիջոցների ամլության որակով։ Ինչո՞ւ է հրապարակայնությունը վերածվել դագանակի, որ ամեն պահ կարող է իջնել ցանկացած մեկի գլխին՝ մեղավո՞ր է, մեղավոր չէ՞, տեղյա՞կ է, տեղյակ չէ՞, արժանի՞ է, արժանի չէ՞։ Լինչի դատաստանի իրենց սուրբ պարտականությունը լրատվամիջոցները կատարում են ամենայն փութաջանությամբ ու սիրառատությամբ։ Առանց պարզելու՝ պարզաբանում են, առանց հասկանալու՝ հասկացնում են, առանց տեղեկանալու՝ տեղեկացնում են։ Ո՞վ է նրանց իրավունք տվել շարունակաբար բռնաբարելու ընթերցողի ու ունկնդրի միտքը, ժամանակ, նյարդերը։ Ո՞վ է հնարել, թե դա է ամենապահանջված ապրանքը, որ ամենամեծ սպառումն ունի։ Սուտ է։ Սեփական ողորմելիությունը պատշաճ հարդարանքով ներկայացնելու նվաստ արդարացում։ Որեւէ նորմալ մարդու չի կարող կարող  հետաքրքրել՝ ով ում հետ է քնում, ով ում հետ է խմում, ով ում երբ որտեղ ինչպես ինչ, որովհետեւ ինչ տալիս ես, այն էլ ստանում ես: Իսկ նորմալ մարդու նորմալ բանականությունը նրան թելադրելու է, որ եթե ինքդ ինչ-որ մեկին  հանիրավի ու անտեղի մեղադրում ես այսօր, վաղվա այդ ինչ-որ մեկը դու ես:

Անահիտ Ադամյան

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930