Նոյեմբերի 17-ին, սպանություն է տեղի ունենցել Լոռու մարզում: Ինչպես Aravot.am-ին Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.40-ի սահմաններում Ստեփանավան բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ գլխուղեղային փակ տրավմա, գլխի մասում ստացած սալջարդ, ուղեղային կոմա ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 29- ամյան Ինգա Շիշլոն է: Այսօր` նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ժամը 02.00-ի սահմաններում, Ի. Շիշլոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Ստեփանավանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ նոյեմբերի 17-ին` ժամը 21-30-ի սահմաններում, Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան պահակակետում վիճաբանություն է տեղի ունեցել նշված հանգստյան տան պահակ 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանի և 29- ամյա Ինգա Շիշլոյի միջեւ: Վիճաբանության ժամանակ պահակը ձեռքերով, ոտքերով եւ ապակյա շշով հարվածներ է հասցել երիտասարդ աղջկան:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ա. Դեմիրխանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կարդացեք նաև
Տեսանյութը եւ լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆի