Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն ուսանողը գնալու է Լոնդոն

Նոյեմբեր 18,2011 00:00

Այսօր` ուսանողների օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման սկզբում հայտարարվեց  ՀՊՄՀ-ի «Լավագույն ուսանողի» անունը: Թեկնածուները տասն էին` տարբեր ֆակուլտետներից:  «Լավագույն ուսանողի» կոչմանն արժանացավ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Սառա Վանյանը, ով երկշաբաթյա ուղեւորության հնարավորություն ստացավ` դեպի Լոնդոն: «Ինձ համար անակնկալ էր, չէի սպասում, որ հենց ես լավագույն ուսանող կընտրվեմ: Կարծում եմ` բոլորս էլ արժանի էինք: Այս կոչումը կրելը մեծ պատասխանատվություն է և ես ամեն ինչ կանեմ սպասումներն արդարացնելու համար», –  «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասաց Սառան: «Լավագույն ուսանողի» մյուս թեկնածուները չեն տխրում, գիտակցելով, որ իրենցից մեկը պետք է արժանանար մրցանակին: «Ես շատ ուրախ եմ Սառայի համար, բոլորովին չեմ տխրում, որ ինքս չեմ անցել: Կարծում եմ թեկնածու լինելը արդեն իսկ մեծ հաջողություն է», – ասաց Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության 3-րդ կուրսի ուսանողուհի` Միլենա Մաթևոսյանը: Սակայն կազմակերպիչները անակնկալ էին պատրաստել նաև մյուս թեկնածուների համար` նրանց հնարավորություն տրվեց մեկնելու Շարմ էլ Շեյխ:

Նոյեմբերի 17 – ը ուսանողների միջազգային օրն է` ի հիշատակ 1939 թվականին նացիստների դաժանության զոհ դարձած մի խումբ երիտասարդների: Մի քանի տարի անց` 1941 թվականին, միջազգային ուսանողական խորհրդը Լոնդոնում նոյեմբերի 17-ը  հռչակեց ուսանողների միջազգային օր:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930