Նախորդ տարի ուսանողների օրվա կապակցությամբ Գյումրու ուսանողական խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում Գյումրիի տարբեր բուհերի ուսանողական խորհուրդները, կազմակերպել էր ֆլեշմոբ , որն ըստ մասնակիցների իրենց ուսխորհրդի կազմակերպած լավագույն միջոցառումն է եղել, իսկ այս տարի արտառոց և հետաքրքիր միջոցառումներ չեն կազմակերպել. «Որոշել ենք մի լավ ուրախանալ, նախ գնալու ենք զբոսնելու քաղաքի տեսարժան վայրերում, այնուհետև կգնանք ռեստորան` պարելու, ուրախանալու. վերջապես մեր տոնն է, առիթից օգտվենք և լավ տժժանք»,-ասում է Գյումրու Ճարտարագիտական համալսրանում սովորող 20-ամյա Արա Մկրտչյանը: Այստեղի Մանկավարժական ինստիտուտում շատերն էին մոռացել տոնի մասին, ոմանք էլ դասից փախչում էին, որ գնային իրենց տոնը նշելու. «Այսօր դաս չպետք է լիներ, մեր օրն է, թող այսօր էլ ազատ մնայինք.մենք այսօր կուրսով դասից փախել ենք, իսկ թե վաղն ինչ կլինի, չենք մտածում»,-ասում է 19-ամյա Սիրանուշը: Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները իրենց տոնը նշում են ակադեմիայի ներսում. կազմակերպել են միջոցառումներ, լինելու է նաև հագուստի ցուցադրություն: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում էլ ներկայացում է բեմադրվելու` նվիրված ուսանողների միջազգային օրվան: Իսկ ճարտարագիտական համալսարանի տղաներից շատերը մեզ հետ զրույցում դեռ չէին որոշել, թե ինչպես են իրենց տոնը նշելու. «Չգիտենք՝ ինչ ենք անելու, բայց որ լավ կտժժանք, հաստատ է,-ասում է Արմեն Սուքիասյանը:
Ստելլա Հարությունյան