Անվերջ լսում ենք, որ Երևանը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է, ամենագեղեցիկներից մեկը: Երևի ամենահնագույններից են նաև Երևանի փողոցներում նստած մուրացիկները: Այսօր ամեն գետնանցումում կարող ենք հանդիպել մուրացկանների: Բայց որ մուրացկանի կարելի է հանդիպել նաև ԵՊՀ տարածքում…
Արդեն երրորդ տարին է, ինչ սովորում եմ ԵՊՀ-ում: Այդ ընթացքում ականատես եմ եղել ամենատարբեր բաների: Բայց մի բան, որին հանդիպում եմ առաջին կուրսից ի վեր և որը ինձ միշտ տհաճություն է պատճառում, համալսարանակների մեծ մասին քաջ ծանոթ <<Եվրո>> տատին է: Նրան կարելի է հանդիպել նշանավոր Սև շենքի դիմաց կամ ԵՊՀ գրադարանի և կենսաբանության ֆակուլտետների հարակից տարածքում` միջազգային հարաբերությունների, իրավագիտության և ռոմանա-գերմանական ֆակուլտետների հարևանությամբ: Նա շատ լավ է ընտրել իր «աշխատավայրը». ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նշված ֆակուլտետների ուսանողները հիմնականում մեծահարուստների զավակներ են, որոնք երբեք գումարի խնդիր չունեն: Իսկ մեր Եվրո տատիկին ուրիշ բան հարկավոր էլ չէ. նա լավ գիտի, թե ում պետք է մոտենա: Իսկ թե ինչ է պահանջելու, բոլորը գիտեն. Euro:
Այդ կինն ամեն ինչ գիտի. երբ են սկսվում և ավարտվում միջանկյալ քննությունները, երբ են տարեվերջյան քննությունները: Դրանք նրա համար գումար «աշխատելու» ամենահարմար ժամանական են. յուրաքանչյուրից գումար պահանջել(ոչ թե խնդրել), որ քննությունները հաջող ընթանան:
Նրան հաճախ էլ կարելի է հանդիպել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց` բարձրաձայն խոսելիս, բողոքելիս: Դա առավել քան տհաճ տեսարան է:
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են նման մարդու ներկայությունը հանդուրժում (թույլ տալու մասին դեռ չեմ խոսում) այնպիսի տարածքում, ինչպիսին երկրի մայր բուհն է, որտեղ շատ հաճախ հյուրընկալվում են ամենատարբեր մարդիկ արտերկրից:
Հետաքրքիր է` ԵՊՀ-ի արտասահմանցի հյուրերը ի՞նչ կմտածեն կամ ի՞նչ են մտածում, երբ տարածաշրջանի լավագույն բուհերից մեկի բակում հանդիպում են ուսանողներից ոչ այլ ինչ, քան Euro պահանջող տատիկին :
Ջավահիր Թադեւոսյան
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ
3-րդ կուրս
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»