Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կուզեի պատասխանատվության սանդղակ ունենալ»

Նոյեմբեր 17,2011 19:14

26-ամյա Կառլեն Խաչատյանը դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, բուհի ՈՒԳԸ նախագահն է, 2011 թվականին կազմավորված երիտասարդկան խորհրդարանի պատգամավոր է, ղեկավարում է Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովը, ինչպես նաև՝ նոյեմբերի 8-ից նախագահում է երիտասարդական խորհրդարանը:

Իր մանկության և դպրոցական տարիների մասին խոսելիս Կառլենը նշում է, որ շատ գոհ է այդ տարիներից: Այդ ընթացքում միայն գիտելիքների պաշարը հարստացնելով չէ, որ զբաղվել է. շատ է սիրել և ընկերների հետ հաճախ խաղացել է ֆուտբոլ, հաճախել է լողի և ձյուդոյի: Դասերի հանդեպ պատասխանատվությունը սերմանել են ծնողները, ինչի համար մինչ օրս էլ երախտապարտ է նրանց: Դպրոցն ավարտելով ոսկե մեդալով` Կառլենն ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: «Մասնագիտության ընտրության հարցում երկար չեմ մտածել, միշտ էլ իմացել եմ, որ ուզում եմ տնտեսագետ դառնալ: Որոշմանս վրա, երևի, մեծ ազդեցություն ուներ նաև հայրիկիս մասնագիտությունը»,- «Առավոտ երիտասարդականին» ասում է Կառլենը և ավելացնում, որ դրան հակառակ երկար է մտածել բուհի ընտրության հարցում` ՀՊՏՀ կամ ԵՊՀ. ու այսօր գոհ է, որ հենց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել: Համալսարան ընդունվել և ուսանելու ողջ ընթացքում ուսումը շարունակել է անվճար հիմունքով, թե´ բակալավրիատը, թե´ մագիստրատուրան ավարտել է կարմիր դիպլոմով:

Հասարակական ակտիվության մասին խոսելիս հիշում է, որ գործունեությունը սկսել է 3-րդ կուրսից, ինչպես նաև հիշում է իր առաջին նախաձեռնությունը` ինտելեկտուալ մրցաշար ողջ  ֆակուլտետում, ինչը  լավ արձագանք էր ստացել ու ապահովել իր  ճանաչվածությունը ֆակուլտետում: Մագիստրատուրայում սովորելու առաջին տարում էլ ընտրվել էր ՈւԽ-ի` կուրսի ներկայացուցիչ այնուհետ` ֆակուլտետի ՈւԽ նախագահ: Երկու տարի պաշտոնավարել է` ըստ կանոնադրության: 2008 թվականից էլ, ասպիրանտական կրթությանը զուգահեռ  բուհի գիտխորհրդի կողմից ընտրվել է համալսարանի ՈՒԳԸ նախագահ: Ակտիվ գործունեության ընթացքում առաջադիմությունը չի տուժել, միայն մագիստրատուրայում սովորելիս երբեմն թերացել է դասերի ներկայության հարցում:

Կրթական ու հասարակական գործունեությունների ոլորտներում ունեցած ձեռքբերումների մասին խոսում է ժպիտով ու հպարտությամբ. 2005թ. ճանաչվել է ԵՊՀ լավագույն ուսանող, 2007թ. ՀՀ լավագույն ուսանող: Սակայն առանձնացնում է հատկապես մի բան, որ իսկապես ձեռքբերում է համարում. ընկերներն են, որոնց հետ մեծ ճանապարհ են անցել ու գործնական շփումը դարձրել են ընկերական: «Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այն փորձն ու հմտությունները, որ կուտակել եմ այս տարիների ընթացքում և դրանք հիմա էլ կիրառում եմ»,- նշում է Կառլենը:

Իրեն բնութագրում է որպես սովորական մարդ. «Ես չեմ կարծում, որ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Կառլեն Խաչատրյանը և ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլենն իրարից տարբերվում են: Կտրուկ փոփոխություններ կերպարի առումով չեն եղել: Ինձ համար դժվար է ասել, թե ես ով եմ, չեմ կարծում, որ էապես տարբերվում եմ մյուսներից: Ես չեմ էլ ցանկանում, որ ինձ ընդունեն, որպես ՈՒԳԸ նախագահ կամ ԵՊՀ դասախոս: Թող ինձ, թեկուզ որպես ՈւԳԸ նախագահ ճանաչելով, ընդունեն որպես մարդ, ընկեր»:

Ընկերներից կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Սուլխանյանը նրա մասին խոսելիս փաստում է, որ Կառլենը շատ անմիջական  ու ընկերական է բոլորի հետ և միշտ պատրաստ է բոլորին օգնության ձեռք մեկնելու:

Բնավորության էական հատկանիշներից համարում է պատասխանատվության մեծ զգացումը ամեն ինչի նկատմամբ` անկախ դրա կարևորության աստիճանից. «Կուզեի պատասխանատվության սանդղակ ունենալ և տարբերել կարևորն անկարևորից, և ըստ այդմ զբաղվել դրանցով»:

Շատ է կարևորում նաև այն, որ երբեք ներլսարանային ու արտալսարանային հարաբերությունները չի շփոթում. ասպիրանտական պրակտիկայի ընթացքում առիթ է ունեցել դասավանդելու իր համակուրսեցուն, սակայն ընկերական և դասախոս-ուսանող շփումը իրենց տեղում են եղել. «Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ պահպանել այդ հավասարակշռությունը. լսարանում այլ շփում է, դրսում` այլ»: Լավ չի վերաբերում հատկապես միջնորդություններին. «Դրանք, որպես կանոն, անարդյունք են մնում: Մեր սերունդը պայքարում է կոռուպցիայի դեմ, և ես, որ այդ սերնդի ներկայացուցիչ եմ` նույնպես այդ պայքարի մեջ եմ»:

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930