Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում օմբուդսմենի հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող սենյակում

Նոյեմբեր 17,2011 18:50

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզկենտրոն Կապանից սկսել է մարզային այցելությունները: Կապանում ՀՀ օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչների հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող գրասենյակում:

Հանդիպումից առաջ Կարեն Անդրեասյանը խոսեց իր հեղինակած եւ մամուլի գլխին մահակ դարձած վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման նախաձեռնության մասին: «Ես 2009 թ.-ին առաջին անգամ Հայաստանում ուղղակի բարձրաձայնել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ-ի ընդունված բանաձեւը, որտեղ ասվում էր, որ պետք է ապաքրեականացվեն զրպարտությունը եւ վիրավորանքը եւ սահմանվեն քաղաքացիական իրավունքի նորմերով: Ես այդ միտքը հնչեցրել եմ, տվել եմ իմ նախագիծը, բայց այդ նախագծից էականարեն տարբերվում է այսօրվա օրենքը: Այդ տարբերությունները բազմաթիվ են ու բազմապիսի: Միեւնույն ժամանակ ես չեմ ասել, որ այդ օրենքը վատն է կամ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, ես ասել եմ կան խնդիրներ, այդ խնդիրները ես ներկայացրել եմ Սահմանադրական դատարան: Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը հստակություններ կմտցնի եւ մենք մեր գնահատականը կտանք դեկտեմբերի 1-ին: Օրենքի փորձարկումը մեր երկրում ցույց տվեց, որ այն չի կիրառվում այնպես, ինչպես նախատեսված է, չի կիրառվում այնպես, ինչպես պահանջում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, չի կիրառվում, այնպես, որ երաշխավորի խոսքի ազատությունը: Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո վերջնական կարելի է ասել՝ արդյոք իրավական դաշտն այնպիսի՞ն է, որ երաշխավորում է  այդ օրենքի ճիշտ կիրառումը»,- Կապանում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Դառնանք այցի նպատակին: Կարեն Անդրեասյանը կուզեր, որ մարզում գրասենյակ լիներ ու քաղաքացիները կարողանային իրենց խնդիրներով դիմել տեղի գրասենյակին: ՄԻՊ-ը պատրաստվում էր անձամբ ընդունել քաղաքացիներին , սակայն նրանք պասիվ էին, ընդունելության մեկնարկից կես ժամ անց  ընդամենը 3 քաղաքացի էր եկել խորհրդատվություն ստանալու: Օմբուդսմենի ներկայացուցիչները լսեցին նրանց: Մեկին համայնքապետարանը չի հաշվառում որպես բնակարանային կարիքավոր, մյուսն ասում էր, թե իր հողատարածքը վաճառել են այլ անձանց, բայց փաստաթուղթ չուներ: Քաղաքացիներին խնդրեցին գրավոր դիմել, որ հարցն ընթացք ստանա:

ՄԵՐԻ  ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930