Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում ծնողների 70 տոկոսը խոստովանել է, որ իր երեխայի հանդեպ որոշակի բռնություն է գործադրել

Նոյեմբեր 17,2011 18:30

Բռնություն, դաստիարակություն, պատիժ: այս երեք գործոնները տարանջատելու, ծնողների եւ երեխաների հետ աշխատող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպություններին իրազեկելու նպատակով Save the Children կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի ու Եվրոպական միության հայաստանյան գրասենյակների ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը: Ծրագրի արժեքը՝ 750 հազար եվրո:

Լոռու մարզից մեկնարկած նախաձեռնության հեղինակներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ նպատակն է հասարակության լայն շերտերին իրազեկել, որ բռնությունը պետք չէ թաքցնել, հարկ է բռնության ենթարկվածներին ուղղորդել դեպի համապատասխան մարմիններ: Մինչեւ հիմա բռնության համար միայն ոստիկանություն են ուղղորդվել, այժմ նման երեխաներին կարող են այցելել նաեւ անչափահասների գործերի խնամակալության եւ հոգաբարձության համայնքային հանձնաժողովներ, կամ մարզպետարանների երեխաների, կանանց եւ ընտանիքի հիմնահարցերով զբաղվող բաժիններ, որտեղ բռնություն ենթարկվածի եւ ենթարկողի հետ աշխատում են հոգեբանները:

Ծրագրում ընդգրկված 26 մասնագիտական թիմերը աշխատել են հատուկ հաստատություններում եւ որոշ հանրակրթական դպրոցներում: «Պոտենցիալ շահառուների ծնողների 70 տոկոսը խոստովանել է, որ իր երեխայի հանդեպ որոշակի բռնություն է գործադրել»,- ասում է ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը:

Երեխաներին ու ծնողներին աջակցություն ցուցաբերելուն խանգարում է մեր ազգային մտածելակերպը` սոցաշխատողները դժվարությամբ են ընտանիքներ մտնում, հոգեբաններին ծնողները չեն դիմում: «Իմ երեխան գիժ չի, որ տանեմ հոգեբանի մոտ»,- հաճախ այս պատասխանն ես լսում, ասում են ծրագրի հեղինակները:

Մինչդեռ ծնողների ու ուսուցիչների հետ աշխատանքի արդյունքում Վանաձորի անչափահասների հանձնաժողովում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որ հասարակության քննարկման առարկա չեն դարձել: «Հենց դա է մասնագիտական մոտեցումը, որ երեխան ընտանիքում բռնության է ենթարկվել, բայց դրա մասին իմացել են միայն մասնագետները»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը:

Ըստ մասնագետների, ծեծն ու ապտակն ամեն դեպքում բռնություն են, որովհետեւ երեխայի հուզական աշխարհն է փոփոխվում, վախ ու բարդույթներ են առաջ գալիս: «Անպայման պետք է բացատրվի, թե ինչու, ծեծելով նրա հետաքրքրությունը չի մարում, մի օր էլ երեխայի մոտ տարբեր հիվանդություններ են գրանցվում ու ծնողը զարմանում է, թե ես առողջ երեխա եմ ունեցել, որտեղից հիվանդությունն եկավ կպավ»,- բացատրում են երեխաների պաշտպանները ու նկատում, որ պատժել կարելի է ոչ թե ծեծի ու բռնության միջոցով, այլ իր սիրելի զբաղմունքները սահմանափակելու, երեխան պետք է ոչ թե վախենա ծնողից, այլ հարգի:

 Ծրագրի ղեկավարները նշում են, որ հոգեբան ու սոցաշխատող անհրաժեշտ են ոչ միայն հատուկ հաստատություններում, այլեւ հանրակրթական դպրոցներում, սակայն պետությունը դրա համար չունի ֆինանսներ:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930