«Ես զայրացած եւ զարհուրած էի, երբ նայեցի տեսանյութը, որովհետեւ նախարարը համակարգչային խաղ էր խաղում իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս թվարկում էր այս կառավարության աչքի առջեւ թալանվող ընդերքի հաշվին եկամուտների ավելացման առաջարկությունը: Հաջորդը Տիգրան Թորոսյանի ելույթն էր, որի ժամանակ շարունակվում էր շարիկի գլորումը»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ ԱԺ նիստի ընթացքում համակարգչային խաղ խաղալու փաստը: Նրա կարծիքով, սա Ազգային ժողովի նախագահ չունենալու հետեւանք է. «Հովիկ Աբրահամյանի նախագահության շրջանում, ստիպված թե պարտադրված, շատերը գալիս էին աշխատանքի: Նա բազմաթիվ դիտողություններ էր անում կառավարության ներկայացուցիչներին, եթե նրանք ինչ-որ սահման էին անցնում պատգամավորներին պատասխանելիս կամ Ազգային ժողովի հետ հարաբերվելիս: Իրենք գիտեն, որ Ազգային ժողովում այլեւս որեւէ քննարկում չի կարող լուրջ հետեւանք ունենալ բյուջեի չընդունման առումով: Երեւի թե մեր բյուջեն ի կատար ածելու ամենալուրջ քայլը շարիկ գլորելն է»: Ս. Սաֆարյանը գտնում է, որ էներգետիկայի նախարարի՝ շարիկ գլորելու համար կարելի է հայտարարել նկատողություն, իսկ ոլորտը վատ կառավարելու համար՝ պետք է հետեւի պաշտոնանկությունը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ