Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը: 27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության` իր կողմից վարած «Վազ 21 21» մակնիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում Սպիտակ-Երեւան ճանապարհի 1-ին կիլոմետրի վրա ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ եւ դեպքի վայրի ճանապարհահատվածում իրականացնելով վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ ընկել ճանապարհին հարող հանդամասը: Արդյունքում ավտոմեքենայի ուղեւոր Վ. Ա.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Մինչ օրս նա չի կարողանում շարժվել, խոսել, լսել:
Վթարից երկու ամիս անց, սակայն, տուժող Գ. Ս.-ն, ով մյուս տուժող Վ. Ա.-ի հորեղբոր որդու կինն է, բացատրություն է տվել նախաքննական մարմնին, թե վթարից 4 տարի առաջ համագյուղացի Թադեւոսը փորձել է իրեն բռնաբարել:
Ըստ գործի նյութերի` 2008 թ. սեպտեմբերի վերջերին, հոկտեմբեր սկզբին, Մեծ Պարնի գյուղի բնակչուհի Գ. Ս.-ի կամքին հակառակ, Թադեւոս Գեւորգյանը փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ: Գ. Ս.-ն դիմադրություն է ցույց տվել, ոտքերով հրել է նրան եւ ազատվելով` հեռացել է:
Կարդացեք նաև
Թադեւոս Գեւորգյանը, սակայն, չի ընդունում իրեն վերագրվող հանցագործություննեը` պնդելով, որ ինքը բռնաբարության փորձ չի կատարել Գ. Ս.-ի նկատմամբ, իսկ ավտոմեքենան էլ այդ օրը վարել է տուժող Վ. Ա-ն:
Վթարի առնչությամբ Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել: «2011թ. հունվարի 11-ին հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտպանյալս ներգրավված է եղել որպես վկա, քանի որ նախաքննությամբ պարզվել է, որ ղեկին եղել է տուժող Վարդան Արզումանյանը»,-ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Սակայն քրեական գործի վարույթը կասեցվելուց հետո՝ այս տարվա ապրիլից նոր քննություն է նշանակվել արդեն Շիրակի մարզի քննչական բաժնում: Գեւորգյանը ճանաչվել է մեղադրյալ եւ կալանավորվել:
Փաստաբան Ռ.Հակոբյանն ասում է, որ իր պաշտպանյալին վերագրված հոդվածներն անհիմն ու անօրինական են` զուրկ որեւէ տրամաբանությունից: «Շիրակի մարզի քննչական բաժնում քննությունը տարվել է քրեադատավարական օրենքի բազմաթիվ էական խախտումներով, մեղադրանքի հիմքում դրվել միայն տուժողի մոտ ազգականների կամ ազգականների ցուցմունքները»,-բացատրում է փաստաբանը:
Հակառակ նրան, որ մեղադրող դատախազները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ դատարանում տուժող Գ.Ս.-ն հրաժարվեց իր տված նախաքննական ցուցմունքներից` հայտարարելով, որ իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարվել, հարազատներն են ստիպել, որ այդպես ասի: «Գյուղում իմ մասին սկսեցին խոսել: Խայտառակվել եմ: Ասել են, եթե էդպես չգրես, կհայտարարենք, թե ման ես գալիս »,-դատարանում պատմում էր տուժող Ս.-ը:
Փաստաբանը նշում է, որ եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, ապա դա կարող է վտանգավոր լինել բոլորի համար: «Նույն տրամաբանությամբ յուրաքանչյուր ոք կարող է հայտարարել, թե իր նկատմամբ քննիչը, դատախազը կամ այլ անձ 7 տարի առաջ բռնաբարության փորձ է կատարել, երկու հոգի էլ կհաստատեն դա ու անմեղ մարդը զրպարտության զոհ կդառնա»,-ասում է նա:
Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն մյուս վկաները:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր