Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկումներ 2012 թ. բյուջեի մասին

Նոյեմբեր 17,2011 17:45

«Կառուցել հասարակություն, որի կենտրոնում մարդն է, նրա կարողությունների բացահայտումը», սա ՀՀ նախագահի նախանշած երեք առաջնահերթություններից մեկն է, որն ըստ վարչապետի ընկած է բյուջեի փիլիսոփայության առանցքում։ Հիրավի հրաշալի հաստատում, որի հետ չի կարելի չհամաձայնել։ Բայց ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում։ Այո՝ չեմ հավատում, որովհետեւ անցնող չորս տարիների ընթացքում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից բազմաթիվ հաստատումներ ենք լսել, որոնք իրապես ոչ մի կապ չունեն մեր իրականության հետ։ Գռփեապաշտության ու օլիգապոլիաների դեմ պայքար, արդար մրցակցային տնտեսություն, թափանցիկ կառավարում, սոցիալական երկիր եւ այլն։ Իսկ իրականում 35% աղքատություն, արտագաղթ եւ հուսալքություն, ու նաեւ հայ գործարարների բազմամիլիոնանոց ներդրումներ օտար շուկաներում։ Ավաղ, Հայաստանը վաղուց երկու իրականություններում է ապրում, եւ չեմ կարծում որեւէ մեկը, մանավանդ այս դահլիճում, չի տեսնում կամ չի հասկանում իրականությունը, բայց շարունակում ենք խաբել միմյանց ու գերադասում ճշմարտությունների մասին միջանցքներում ու քեֆի սեղանների շուրջ խոսել։

Կառավարության 2008-2012թթ. ծրագիրը Հայաստանը Եվրամիության մշակութային տարածաշրջանային կենտրոն դարձնելու հանձնառություն ուներ: Իսկ իրականում, ինչպես նախորդ բոլոր տարիներին, 2012թ.-ին եւս մշակույթը բյուջետային առաջնահերթությունների մեջ չի մտնում եւ թերֆինանսավորումը ոլորտի գլխավոր խնդիրներից մեկն է:

Ոլորտի աշխատողների աշխատավարձը շարունակում է մնալ ամենացածրը: Համակարգի շուրջ 6080 աշխատողների միջին աշխատավարձը 57.000 դրամի սահմանում է, ինչը հանրապետության միջին աշխատավարձից մոտ 2 անգամ ցածր է: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ նվազագույն զամբյուղի արժեքը 65 հազար դրամ է, ապա համակարգի աշխատողները կրկին կանգնում են սոցիալական անարդարության, իրենց աշխատանքով արժանապատիվ ապրելու անկարողության առջեւ: Իսկ ՀՀ նախագահի նախընտրական խոստումի համաձայն՝ 2012-ին միջին աշխատավարձը 122000 դրամ պետք է լիներ: Դեռեւս 2008-ից էլ կառավարությունն էր խոստացել աշխատավարձերի հաշվարկման հայեցակարգ մշակել, որն այդպես էլ չի իրականացրել՝ պատճառաբանելով, թե խաթարվում է մակրոտնտեսական կայունությունը: Իսկ սոցիալական համերաշխության խաթարման եւ երկրի կայունության եւ մարդկային ռեսուրսի մասին նրանք չեն էլ մտածում։ Այնինչ՝ սա իրապես քաղաքական եւ բարոյական խնդիր է, որովհետեւ չի կարելի  35000 դրամով աշխատուժ պահել ու մտածել հավատարիմ քաղաքացու կամ որակյալ աշխատանքի մասին։ Ու մեր մշակույթի գործիչները սեփական պետության մեջ այլ տեր են փնտրում եւ ընտրությունից ընտրություն վճարովի ծառայության դիմաց դառնում այս կամ այն օլիգարխի քարոզիչը:

2012 բյուջեով մշակութային ծառայությունների ծախսերի մոտ 20 տոկոսանոց ավելացում է նախանշվում, այնինչ՝ շուրջ 8 միլիոն դոլար հատկացվելու է օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի եւ Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինմանը: ժանտախտի պահին խնջույքի համարժեք մի որոշում, որ բացարձակ համարժեք չէ ոլորտի առաջնահերթություններին:

Ու թեեւ կառավարությունը որդեգրել է ծրագրային ֆինանսավորման եւ արդյունքային գնահատման մեթոդը, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ 2012 ֆինանսական տարում մշակութային հաստատությունների ֆինանսավորումը կատարվում է ոչ ծրագրային եղանակով: Փաստորեն, ոլորտի լիազոր մարմինը որդեգրել է «փող տվեքի» քաղաքականությունը, որի արդյունքում գրեթե անհնար է որակական եւ քանակական ցուցանիշների պատկեր ունենալ, մշակութային քաղաքականության հայեցակարգային, ռազմավարական խնդիրներ ակնկալել:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնման ու վերանորոգման ծրագրերն ու դրանց վերջնական արդյունքները շարունակ հարցեր ու ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտություն են առաջացնում: Թեեւ կառավարության տարեկան միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է վերականգնել շուրջ 25 մշակութային հուշարձան, սակայն մշակութային հուշարձանների վերականգմանը ուղղվող բյուջետային միջոցները միայն դրա կեսի չափով են նախատեսվում: Ու դեռ շարունակում են խոսել տուրիզմի զարգացման մասին:

Ըստ էության 2012 թ.-ի բյուջեն իրականում չի լուծում մշակույթի ոլորտի հիմնախնդիրները, որովհետեւ չկա այն ընկալումն ու իմաստավորումը, որ մշակույթը քաղաքական արժեհամակարգի բաղադրիչ է, եւ միայն մտածված մշակութային քաղաքականության իրականացման ճանապարհով կարելի է հասնել տվյալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը:

Թերֆինանսավորվողների շարքում է շարունակում մնալ գիտության ոլորտը, թեեւ կառավարությունը իր 2008-2012թթ.-ի ծրագրով գիտնականների համար գիտությամբ զբաղվելու գրավչության ապահովման եւ տեղական ու համաշխարհային շուկաներում գիտական գործունեության արդյունքներն իրացնելու հնարավորությունը տրամադրելու հանձնառություն էր ստանձնել:: Իսկ 2012 թ. բյուջեն հաստատված 7498.1 մլն դրամ բազային ֆինանսավորմամբ ոչ միայն որեւէ կերպ չի կարող ապահովել դրանց կատարումը, այլեւ գիտության արդյունավետ կառավարման եւ սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ հստակ մեխանիզմներ եւ գործիքներ չի արտացոլում:

Գործադիր մարմինը նախատեսում էր կրթության ոլորտի բարեփոխումներին համարժեք եւ համաչափ ապահովել պետական ծախսերի շարունակական ավելացում: 2012 թվականին կրթության ոլորտին ուղղվող ծախսերը պետք է կազմեին ՀՆԱ-ի առնվազն 3.5 տոկոսը: Սակայն ինչպես բյուջե 2011-ը, այնպես էլ 2012թ.-ի բյուջեն (ի դեպ, ՀՀ 2011 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ծախսերը նվազել են 0.7 տոկոսով ) չեն լուծում գործադիրի ծրագրային հանձնառությունները եւ կրթության ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի մոտ 2.78 տոկոսը, խոստացված 3.5 տոկոսի փոխարեն: Իսկ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում 2012 թ.-ին կրթությանն ուղղված գումարները 195 մլրդ դրամ պետք է կազմեին, այսօրվա նախատեսումը 108 մլրդ է:

Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների իրականացման գծով բյուջետային հատկացումները այս տարի կազմելու են շուրջ 4781.3 մլն դրամ, որոնք, ըստ էության, հիմնականում ուղղվելու են Հանրային հեռուստառադիոընկերությանը: Ի դեպ, այս հատկացումները պիտի ապահովեին ՀՀ քաղաքացիների քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային տեղեկատվություն ստանալու իրավունքը: Սակայն իրականությունն այն է, որ այսօր Հանրային հեռուստառադիոընկերությունը ՀՀ քաղաքացուն իր իսկ հարկերից կուտակված բյուջետային հատկացումների հաշվին, հրամցնում է ցածրորակ և ցածրաճաշակ սերիալներ, կողմնակալ լրատվություն, գռեհիկ հեռուստաեթեր, որը ոչ միայն չի նպաստում ՀՀ արժանապատիվ քաղաքացու ձեւավորմանը, այլ ըստ էության քաղաքական գործիք է, հոգեւոր աղետի եւ բարոյական անկումի տարածող:

Իրապես, երկու ճշմարտությունների իրականությունում ենք ապրում եւ ներկա իշխանություններն իրենց փիլիսոփայությամբ և քաղաքական արժեքների համակարգով անկարող են կառուցել հասարակություն, որի կենտրոնում մարդն է ու նրա կարողությունների բացահայտումը:

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930