Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երեւանի պետական համալսարանում` գիտխորհրդի դահլիճում կայացավ ռեկտորատի անդրանիկ նիստը՝ «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» խորագրով: Մասնակիցները բացառապես ուսանողներ էին:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ինչ կանեի ես, եթե լինեի համալսարանի ռեկտոր» խորագրով շարադրությունների մրցույթ, որի հաղթողներին եւ լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն է ընձեռվել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ստանձնել ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորի եւ ֆակուլտետների դեկանների «պաշտոնները»: Օրինակ, ԵՊՀ ռեկտորի դերը ստանձնել էր լավագույն շարադրության հեղինակ, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Լաուրա Սիմոնյանը:
Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաեւ հետեւյալներն էին՝
ԵՊՀ հակակոռուպցիոն ծրագրի իրականացման ընթացիկ քննարկում,
ինֆորմացիայի հասանելիության խնդիրներ, ասպիրանտուրայի ընդունման համար անհրաժեշտ օտար լեզվի միջազգային սերտիֆիկատի անցողիկ շեմի չափանիշների ճշգրտում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի համար եւ այլն: Հնչեցին բազմաթիվ կարծիքներ, առաջարկություններ եւ բողոքներ, որոնց «ռեկտոր» Լաուրա Սիմոնյանը պատասխանում էր հակիրճ: Ինչպես բոլոր ռեկտորները, նա եւս խոստացավ, որ այսօրվանից կփոխվի ուսանողների առօրյան, կլինեն բարեփոխումներ, բոլոր խնդիրները կլուծվեն արդար ճանապարհով:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ