Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. 2012-ի բյուջեն արտագաղթի բյուջե է

Նոյեմբեր 17,2011 16:53

2012 թվականը բերքառատ է լինելու հարուստների համար: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2012-ի բյուջեն էլ ավելի կխրախուսի արտագաղթը եւ մենք հերթական տարին կորցրած կլինենք, իսկ Ադրբեջանը կրկին 10 %-ով առաջ կգնա: «Հրավիրում եմ նախագահի եւ ՀՀԿ-ի ուշադրությունը: Լսե՛ք, ազգային եկամուտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ, իսկ աղքատացումը շարունակվելու է: Այն տպավորությունն է, որ ԿԲ նախագահն ու վարչապետը թիրախ, սոցիալական ռիսկերի ապահովագրություն, լիկվիդայնություն բառերից այն կողմ բան չգիտեն: Գոյություն ունի մակրոտնտեսական տրամաբանություն: Այս հասարակ տրամաբանությամբ էլ ասում եմ՝ հարուստները մի քիչ ավելի լավ են ապրելու, ունենալու են ավելի շատ եկամուտ, քան գնաճը»,-ասաց Հ. Բագրատյանը:

2012-ի բյուջեի մասին ֆինանսների նախարարի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթները նախկին վարչապետը գնահատեց որպես առեւտրային բանկի վարկային բաժնի շարքային աշխատողի ելույթ. «Վարչապետն ասում է՝ թոշակները կբարձրանան 10 %, բայց չէ՞ որ պարենային գները կբարձրանան 15 %-ով»: Իսկ թոշակառուներին վերաբերող գնաճը, ինչպես Հ. Բագրատյանն ասաց, հենց պարենային գներն են ու կոմունալ ծախսերը, այլ ոչ թե ինտերնետի էժանացումը: «Կոչ եմ անում աշխատանքից վտարել վարչապետին, ԿԲ նախագահին եւ ֆինանսների նախարարին: Ֆինանսների նախարարն իր ելույթում ասում է. եթե Եվրոպայում լավ լինի, եղանակն էլ լավ լինի՝ բյուջեն կկատարեմ: Ես որեւէ անգամ չեմ վկայակոչել, թե սովետ է քանդվել կամ Եվրոպայում ճգնաժամ է: 1994 թվականին ԱՊՀ-ում առաջինը Հայաստանը աճ գրանցեց: Իսկ էս մարդիկ ասում են, որ Պորտուգալիայի գյուղերի բերքը վատ լինի՝ բյուջեն չի կատարվի: Սա արդեն հանրությանը ձեռ առնել է կամ ինքն է ձեռ առնված: Բացարձակապես չունենալով պատկերացում տնտեսության մասին, մտածելով միայն իր հետույքն ապահովագրելու մասին, որպեսզի հանկարծ իրեն աթոռից չզրկեն»:

Հրանտ Բագրատյանը, դատելով վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից եւ օրերս ԱԺ-ում բյուջեի մասին ելույթից, վստահ է, որ Տիգրան Սարգսյանը մեր երկիրը կործանելու է. «էլի եմ զգուշացնում. ես լավ գիտեմ վարչապետին., նա մինչեւ չկործանի՝ չի գնա: ՀՀԿ-ն թող հետեւություններ անի: Գուցե ֆռռացրել է այդ կուսակցությանը: Չի կարելի գնալ ընտրությունների գոնե չնչին բան չխոստանալով ժողովրդին, հակառակը, ասում են՝ կվատանա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930