Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քինգ-բոքսը ևս հաղթահարելի էր ինձ համար»

Նոյեմբեր 17,2011 16:22

«Լրագրողի համար բռնցքամարտի հմտություններին տիրապետելը կարևոր է, նույնիսկ` անհրաժեշտ»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Արուս Հակոբյանը:
2007 թվականին, ընդունվելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Արուսը ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու հնարավորություն ստացավ: «Հենց առաջին կուրսում պարզեցի, որ համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում բոքսի սեկցիա կա ու որոշեցի երազանքս իրականացնել: Դպրոցական տարիներին պարապում էի, բայց ընդհատումներով: Միշտ ինչ-որ բան խանգարում էր, բայց այս անգամ որոշել էի մինչև վերջ գնալ»,-պատմում է Արուսը: Մինչ համակուրսեցիները յուրացնում էին լրագրության հմտությունները, մեր հերոսուհին իր ողջ ազատ ժամանակը անցկացնում էր ֆիզկուլտուրայի ամբիոնում: Չնայած հարազատներից շատերը դեմ էին, սակայն հայրիկի թույլտվությունը Արուսի համար «կանաչ լույս» էր: Մայրը` տիկին Մելանյան պատմում է, որ Արուսը դեռ մանկուց հաստատակամ էր իր որոշումներում: «Արուսը շատ անկանխատեսելի երեխա էր: Միշտ էնպիսի բաներ էր անում, որ մենք էլ էինք մնում զարմացած: Շատ անվախ էր ու եթե մի բան որոշում էր, անպայման իրագործում էր: Որ եկավ ասեց գնում եմ բոքսի, հայրը համաձայնվեց, բայց ես դեմ էի: Մտածում էի՝ աղջկա ինչի՞ն ա պետք բռնցքամարտը»:
Երկու տարի հետո սեկցիան ավարտվեց, սակայն Արուսը իր մարզիչի` Դավիթ Կարապետյանի հետ շարունակեց պարապմունքները: Առավոտյան ժամը 6-ին Արուսն ամեն օրվա պես արևածագը դիմավորում էր դրսում, մարզվում էր և շտապում համալսարան, մի քիչ ուշացած մտնում լսարան, իսկ դասերի ավարտից հետո կրկին գնում մարզվելու:
Արդյունքը չուշացավ. 2010 թվականի մայիսի 5-ին «Դինամո» մարզադաշտում անցկացված քինգ-բոքսի Հայաստանի առաջնությանը Արուսը ներկայացավ ոչ թե որպես լրագրող, այլ որպես մասնակից և գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը: «Չնայած, որ ես բոքս էի պարապում, քինգ-բոքսը ևս հաղթահարելի էր ինձ համար»:
Իսկ բռնցքամարտուհու ամենասրտացավ երկրպագուները համալսարանական ընկերներն էին: «Շատ մեծ ոգևորությամբ էինք պատրաստվել Արուսի մրցույթին: Պլակատներ ու դրոշներ էինք վերցրել, որ դասերից հետո գնայինք Դինամո, բայց Արուսը զանգեց, ասեց, որ հնարավոր է շուտ ռինգ դուրս գա, մենք էլ որոշեցինք 2-րդ դասից փախչել: Այնքան էինք շտապել, որ պլակատները լսարանում էինք մոռացել»,-պատմում են Արուսի համակուրսեցիները և ավելացնում, որ երբ մենամարտը սկսվեց, իրենք էլ էին ցանկանում ռինգ մտնել և իրենց կուրսեցու հակառակորդին «ծեծել»: Արուսի համար այդ օրվա միակ տխուր հիշողությունը այն է, որ քույրը` Սիլվան, ամբողջ օրը հետը չխոսեց, քանի որ դեմ էր նրա «մասնագիտությանը»: Եվ որպեսզի բանասեր քույրիկին ավելի լավ հասկանա այսօր լրագրող-բռնցքամարտուհին նոր հետաքրքրություն ունի` բանասիրությունը: Չնայած նշում է, որ պետք եղած ժամանակ բռնցքամարտում յուրացրած հմտությունները կկիրառի ընկերուհիներին պաշտպանելու համար: Եվ ոչ միայն ընկերուհիներին…

Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930