Օքսֆամի հայաստանյան գրասենյակի եւ «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնն» առաջարկում է ավելացնել առաջնային բուժօգնության բյուջեն
«Առավոտի»՝ «Կառավարությունը խաբե՞լ է» հրապարակմամբ անդրադարձել էինք ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ 2012 թվականի բյուջեի նախագծի առողջապահական հատվածին վերաբերող դիտարկումներին: Նախկին նախարարը նաեւ թերահավատություն էր հայտնել Օքսֆամ հեղինակավոր կազմակերպության վերջերս այդ առիթով անցկացրած հետազոտությունների վերաբերյալ: Այսօր այդ առիթով կազմակերպությունը ներկայացրել է իր պարզաբանումները:
Երեւանում ու մի քանի մարզերում, բնակչության եւ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շրջանակներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպության բացահայտած հիմնական խնդիրներն են.
ա.Պետությունը սոցիալապես խոցելի խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրում է դեղամիջոցներ, սակայն դրանց չափաքանակը բոլորովին բավարար չէ նախատեսված բուժման համար, իսկ դեղամիջոցների որակական հատկանիշները ցածր են եւ ոչ արդյունավետ,
Կարդացեք նաև
բ. Շատ բուժհաստատություններում բացակայում են անհրաժեշտ բժշկական սարքավորումները եւ պարագաները, ուստի մարդիկ հաճախ իրենց տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունում չեն կարողանում ստանալ պատշաճ բժշկական ծառայություններ` ստիպված լինելով դիմել հիվանդանոցային բուժհաստատություններ (վճարովի ծառայություններ ստանալու համար),
գ Այս ոլորտում բուժաշխատողների միջին աշխատավարձը բավականին ցածր է, դժգոհությունները` մեծ, հետեւաբար նաեւ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի եւ ոչ ֆորմալ կամ լրացուցիչ վճարների ռիսկեր են առաջանում:
«Այս խնդիրները նոր չեն եւ շատերին հայտնի են: Ակնհայտ է, որ դրանք կարող են լուծում ստանալ նախ պետության կողմից ֆինանսավորման աճի դեպքում: Ընդ որում, ակնկալվում է, որ առաջնային բուժօգնության (արտահիվանդանոցային ծառայություններ) ոլորտը պետք է գերակա դեր ունենա հիվանդանոցային ծառայությունների նկատմամբ: Այնուհանդերձ, կառավարությունը, ելնելով բյուջետային սահմանափակումների խնդրից, չնայած իր նախնական հայտարարություններին, բավարար չափով չի ավելացնում այս ոլորտի ֆինանսավորումը: Ավելին, 2012-ի բյուջեի քննությունը պարզում է, որ նախատեսված ֆինանսավորման շրջանակներում փաստացի ավելի քիչ ծավալի ծառայություններ հնարավոր կլինի մատուցել բնակչությանը: Առաջին հայացքից կարծես թե ֆինանսավորման ծավալներում զգալի փոփոխություն չկա. 2011 թվականի 23889.4 միլիոն դրամի դիմաց 2012-ին նախատեսվում է 23884.1 միլիոն: Մինչդեռ, 2012-ի բյուջեի մի զգալի մասը` մոտ 295 միլիոն դրամ, ի տարբերություն 2011-ի, պետք է ուղղվի պարտադիր պետական վճարների (սոցիալական վճարներ) աճի փոխհատուցմանը, որը կառավարության մեկ այլ օրենսդրական փոփոխության արդյունք է: Հաշվի չի առնվում նաեւ գների մակարդակի աճը, ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճը եւ այլն: Առաջնային բուժօգնության (արտահիվանդանոցային ծառայություններ) ոլորտից օգտվում են բնակչության լայն շրջանակները, հիմնականում սոցիալապես անապահով եւ հիվանդ անձինք, աղքատ ընտանիքները: Ի՞նչ է սպասվում այս մարդկանց 2012-ին. սպասենք բյուջեի հաստատմանը»,- ասված է կազմակերպության ներկայացրած տեղեկանքում: