Ինչպես երեւում է, արեւելյան որոշ երկրների ազգային ֆեդերացիաներ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում դոպինգի դեմ մղվող պայքարին ու դրան մատների արանքից են նայում:
Մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սահմանված ժամկետներում՝ մինչեւ նոյեմբերի 3-ը, աշխարհի առաջնությանը մասնակցելուն նախապատրաստվող իրենց մարզիկների նախնական դոպինգ անալիզների մասին պատշաճ տեղեկատվություն չներկայացնելու համար միանգամից յոթ երկրի՝ Բուլղարիա, Կիպրոս, Սաուդյան Արաբիա, Օման, Քաթար, Սիերա Լիոնե եւ Շրի Լանկա, ազգային հավաքականների մուտքն արգելվել է Փարիզի մրցահարթակ: Եվ եթե Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիան ՎԱԴԱ-ի եւ միջազգային ֆեդերացիայի հետ վաղուցվանից խնդիրներ ունի, որի պատճառով այդ երկրի առաջատար ծանրորդները վերջին տարիներին հանդես են գալիս այլ երկրների (հիմնականում՝ Ադրբեջանի) դրոշի ներքո, ապա նույնը չես ասի վերոնշյալ մյուս վեց երկրների մասին, որոնցից միայն Կիպրոսն է Եվրոպայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ