Լրահոս
Օրվա լրահոսը

Շփոթված փեսացուն

Նոյեմբեր 17,2011 14:44

«Կներեք, բայց սխալ մարդու եք սիրո խոստովանություն անում»:

«Ո՞նց, բայց ես հենց քեզ եմ սիրում, Մարինե ջան»:

«Ես Մարինեն չեմ, Նարինեն եմ:»

ԵՊՀ-ում սովորող երկվորյակ քույրերի արտաքին նմանությունը շփոթության մեջ էր գցում ոչ միայն նրանց դասախոսներին ու համակուրսեցիներին, այլև նրանց երկրպագուներին և շատ հաճախ նաև հենց քույրերին: Անանուն ծաղիկներն ու սիրո խոստովանությունները միշտ չէ, որ ճիշտ հասցեատիրոջն էին հասնում, սակայն զվարճալի թյուրիմացությունները միշտ էլ բարեհաջող  ավարտ էին ունենում: Ճիշտ է` Հայկը, սիրելով Մարինեին, ամիսներ շարունակ հետևել էր Նարինեին, բայց այսօր` նոյեմբերի 17-ին, նախկին ուսանողները ժպիտով  կհիշեն իրենց առաջին հանդիպումն ու կնշեն իրենց ամուսնության 5-րդ տարին: «2-րդ կուրսում ուսանողների օրը Նարինեն ու իր համակուրսեցիները որոշել էին գնալ թատրոն, բայց քույրս բարձր ջերմություն ուներ և քանի որ ես նրա ընկերուհիների հետ մտերիմ էի, ինքս գնացի»,- պատմում է Մարինեն:

Հենց այնտեղ էլ Հայկը նկատել էր ժպտերես ու աշխույժ աղջկան, հետաքրքրվել էր և հաջորդ օրը համալսարանում տեսնելով Նարինեին սկսել էր հետևել նրան: Հաճախ էր անակնկալներ արել իր «կարծեցյալ» սիրելիին, սակայն ամենամեծ անակնկալը ինքն էր ստացել, երբ վերջապես որոշել էր սիրո խոստովանություն անել:

«Սկզբում չհավատացի, որ Մարինեն չի: Կարծեցի` ուղղակի ինձ հեռու պահելու համար ա էդպես ասում, բայց երբ շատ համառեցի, ասաց, թե որտեղ է սովորում Մարինեն»,-պատմում է Հայկը և ավելացնում, որ այդ ժամանակ իրեն տարօրինակ թվացող շատ հանգամանքներ պարզ են դարձել: Սիրահարված երիտասարդը մինչ այդ ուշադրություն չէր դարձնում այն հանգամանքին, որ Մարինեն համալսարան էր գալիս մի զգեստով, տուն էր գնում բոլորովին այլ զգեստով, հաճախ էր փոխում սանրվածքը և տարբեր ընկերական շրջապատներում էր լինում:

«Շատ շփոթված էի, իսկ երբ Մարինեին ու Նարինեին միասին տեսա շատ ավելի շփոթվեցի: Բայց իրանք ինչքան նման են արտաքինով, նույնքան էլ տարբեր են բնավորությամբ: Նարինեն շատ լուրջ ու ամաչկոտ է, իսկ Մարինեն շատ աշխույժ ու անկաշկանդ: Հենց դա էլ ինձ գրավել էր»:

Թյուրիմացությունը ավարտվեց, բայց Հայկի փորձությունները ևս մեկ տարի շարունակվեցին, մինչև Մարինեն համաձայնեց ամուսնանալ նրա հետ: «Սկզբում Հայկին չէի հավանում: Երբ նա ինձ սիրո խոստովանություն արեց, շատ բարկացած էի, ասացի. «քույրիկիս էլ ես նույն  բանն ասել», ասաց`չէ, ես քույրիկիդ նկատմաբ  նույն բանը չէի զգում»:  Շփոթված փեսացուին խորամանկ քայլից բացի ոչինչ չէր մնում. շահել Նարինեի վստահությունը և գաղտնի համագործակցելով նրա հետ` գրավել Մարինեի սիրտը:

                                                                                                                    Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930