Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկացիները պահանջում են, որ իրենց հարկերն ավելացնեն

Նոյեմբեր 17,2011 14:18

Մի քանի տասնյակ ամերիկացի միլիոնատերեր այսօր ժամանել են Կոնգրես՝ պահանջելով, որ իրենց հարկերը բարձրացնեն, տեղեկանում ենք CNNMoney-ից:

Նրանք ցանկանում են, որ օրենսդիրները չեղյալ հայտարարեն հարուստների համար հարկային «արձակուրդները», որոնք մտցվել էին նախկին նախագահ Բուշի կողմից: Ընդ որում՝ միլիոնատերերից ոմանք ավելին են պահանջում՝ ուզում են, որ ընդհանրապես ծանրանա հարկային բեռը:

Այս խմբի ներկայացուցիչները Վաշինգթոնում հանդիպելու են, այսպես կոչված՝ Սուպերկոմիտեի հետ, որը պետք է իրականացնի հարկային բարեփոխումներ: Այդ կառույցի խնդիրն է կազմել այնպիսի ծրագիր, որը թույլ կտա բյուջեին խնայել 1,2 տրիլիոն դոլար՝ մոտակա 10 տարում: Օրենսդրական նախագիծը պետք է ընդունվի մինչեւ նոյեմբերի 23-ը:

Ինչպես հայտարարել է կալիֆոռնիական միլիոնատեր Դուգ Էդվարդսը. «Եթե դուք վաստակում եք տարեկան ավելի քան միլիոն դոլար՝ դուք պետք է ավելի շատ հարկեր վճարեք»:

Միլիոնատերերի այս՝ հարկերի բարձրացում պահանջող խումբը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ Google-ի որոշ աշխատակիցների կողմից: Ավելի ուշ նրանց միացան մի քանի հայտնի մարդիկ՝ տնտեսագետ Նուրիել Ռուբինին, «Սոպրանոների կլանը» սերիալի աստղ Էդի Ֆալկոն, ռեժիսոր Աբիգայլ Դիսնեյը եւ այլք:

Այն մասին, որ հարկերը հարկավոր է բարձրացնել՝ այս տարի խոսեց նաեւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր Ուորեն Բաֆեթը: Նա դա բացատրեց նրանով, որ ավելի պակաս ապահովված ամերիկացիները փաստորեն իրենց եկամուտների ավելի մեծ մասն են վճարում՝ հարկերի տեսքով, քան հարուստները: Բաֆեթի գաղափարը պաշտպանեցին այլ միլիոնատերեր եւս՝ այդ թվում ուրիշ երկրներում: Մասնավորապես, Ֆրանսիայում խոշոր գործարարների մի խումբ եւս պատրաստվում է պահանջել՝ բարձրացնել իրենց հարկային բեռը:

ԱՄՆ-ում հարկերը մեծացնելու անհրաժեշտությունը առաջանում է բյուջեի հսկայական դեֆիցիտի արդյունքում, որը երեք տարվա ընթացքում կայուն ձեւով անցնում էր տրիլիոն դոլարից: Արդյունքում՝ ընթացիկ տարվա վերջին պետպարտքը հասավ 15 տրիլիոն դալարից եւ անցավ ԱՄՆ ՀՆԱ-ի 100 տոկոսի շեմը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930