Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարիեսը կարելի է կանխել

Նոյեմբեր 17,2011 14:04

Հավաստիացնում են մասնագետները

Կարիեսի առաջացման՝ ատամի փչացման պատճառները լինում են տարբեր: Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ կարիեսից խուսափելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Այսպես, օրինակ՝ ատամների կանոնավոր մաքրումը խոզանակով՝ առնվազն 3 րոպե տեւողությամբ: Ամեն ուտելուց հետո պարտադիր պետք է օգտագործել ատամնային թելիկներ եւ բերանի ողողման համար նախատեսված հեղուկ (որի բաղադրության մեջ մտնում է օրգանիզմի համար մի շատ կարեւոր քիմիական տարր՝ ֆտոր, որը ունակ է պայքարելու թթուների դեմ, սակայն որի օգտագործումը արգելվում է մինչեւ 7 տարեկան երեխաներին, քլորհեքսիդին, որը նախատեսված է ինֆեկցիաների, լնդերի բորբոքումների եւ բերանի տհաճ հոտի վերացման համար եւ այլն): Իսկ գիտնականների մեկ այլ խումբ հավաստիացնում է, որ միայն ատամների հիգիենան պահպանելով չես կարող հասնել հաջողության: Պետք է օգտագործել բանջարեղեն, միրգ, քիչ աղեր եւ ճարպեր պարունակող սննդամթերք, ձավարեղեն, պանրի տեսակներ, գետնանուշ, կաթնամթերք եւ այլն, որոնք հեռացնում են բերանի խոռոչից սննդի միջոցով ներթափանցած շաքարները:

«Կարիեսի առաջացման պատճառը հստակ հայտնաբերված չէ, սակայն շատերը կարծում են, որ դրա հիմնական պատճառը ժառանգականությունն է: Կարիեսի մեկ այլ պատճառ կարող են հանդիսանալ ածխաջրերը, որոնք առկա են քաղցր սննդի մեջ, եւ սրթեսի գործոնը, ատամների միջեւ կուտակված սննդի մնացորդները, ջրում ֆտորի պակասը՝ ֆլյուրոզ, որը առավել տարածված է Մեքսիկայում: Այն կարող է առաջ գալ նաեւ թքի կամ համբույրի միջոցով փոխանցված մանրէների պատճառով: Կարիես առաջանում է այն ժամանակ, երբ բերանի խոռոչի մանրէները սնունդը վեր են ածում թթուների՝ վնասելով ատամները ուտելուց անմիջապես հետո, առաջին 20 րոպեների ընթացքում եւ նույնիսկ ավելին»,- մեզ հետ զրույցում ասաց ատամնաբույժ Անժելա Սարգսյանը:

Հայտնի է, որ ոչ ճիշտ պատրաստված բանջարեղենն ավելացնում է կարիեսի առաջացման հավանականությունը: Բազմաթիվ հետազոտողներ պարզել են, որ ջեռոցի մեջ սմբուկի, կանաչ պղպեղի կամ այլ բանջարեղեն եփելու ժամանակ նրանց մեջ էապես ավելանում է թթվային ծավալը, ինչը վնասակար ազդեցություն է ունենում ատամների էմալի վրա: Սակայն բանջարեղենի թթվայնությունը կարելի է նվազեցնել՝ խաշելով այն, բացառությամբ լոլիկի եւ սոխի, կարմիր պղպեղի, որոնք թե տապակելու եւ թե խաշելու եղանակներով պատրաստելու ընթացքում չեն կորցնում թթվայնության մակարդակը: Օրինակ՝ կարմիր պղպեղում թթվայնության բաղադրությունն աճում է եւ ջեռոցի մեջ եփելու, եւ խաշելու ժամանակ: Ուստի այս տարբերակով եւս չենք խուսափի կարիեսից:

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի մասնագետները զգուշացնում են՝ կարիեսի զարգացումը կարելի է կանխարգելել, եթե ծորակի ջրում (նաեւ ատամի մածուկում) ավելացվի ֆտոր: Ֆտորը ատամի կառուցվածքը դարձնում է ավելի կայուն եւ ապահովում է ռեմիներալիզացիան, որն օգնում է կարիեսի առաջացման վաղ փուլում: Փորձագետները համոզված են, որ կարիեսի դեմ պայքարելու համար ատամը փորելու փոխարեն, ավելի լավ է ատամնաբույժները սովորեցնեն՝ ինչպես պայքարել դրա դեմ:

ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930