Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների լրագրողներով համալրված ֆուտբոլային թիմը Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների «Վոլին 2011» մինի ֆուտբոլի միջազգային ավանդական 14-րդ մրցաշարից վերադարձել է բրոնզե մեդալով:
Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի լրագրողական թիմերը: Երրորդ տեղի համար պայքարում մեր գործընկերները երեք անպատասխան գնդակ են անցկացրել լիտվացիների դարպասը՝ նվաճելով բրոնզե մեդալ եւ համապատասխան գավաթ: Հաղթող ճանաչվել են բելառուս լրագրողները, իսկ ուկրաինացիները բավարարվել են արծաթե պարգեւով:
Մեր թիմի ավագ Տիգրան Հովհաննիսյանը, որ 50-ամյակի եւ ֆուտբոլին նվիրվածության համար արժանացել է հատուկ մրցանակի, «Առավոտին» տեղեկացրեց. «Մրցումները կազմակերպվել էին Վոլինի շրջանի պետական վարչակազմի ղեկավար Բորիս Կլիմչուկի աջակցությամբ, իսկ մեր թիմի մրցավայր մեկնելը հովանավորել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վոլինում մեր թիմը հայտնվել էր համընդհանուր ուշադրության կենտրոնում: Տեղի հեռուստաընկերությունը մեր թիմի ավագին հրավիրեց ստուդիա, ուկրաինական բազմաթիվ լրատվամիջոցներ հատուկ անդրադարձան հայկական թիմի մասնակցությանը մրցաշարին»: Հայաստանի թիմին ջերմ ընդունելություն է ցույց տվել եւ բոլոր հարցերում սատար կանգնել ու պատրաստակամ եղել նաեւ Լուցկ քաղաքի հայկական համայնքը:
Հայաստանի լրագրողական ֆուտբոլային թիմը 1999 թվականից մշտապես մասնակցել է ԱՊՀ երկրների լրագրողական ֆուտբոլային բոլոր մրցաշարերին, որոնք տարբեր տարիների կազմակերպվել են Սանկտ Պետերբուրգում, Քիշնեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Դրուսկինինկայում, իսկ 2009-ին՝ Ստեփանակերտում: Միակ բացառությունը եղել է 2000 թվականը, երբ մրցաշարն անցկացվել է Բաքվում:
Այս ընթացքում մեր լրագրող ֆուտբոլիստները մեկ անգամ դարձել են հաղթող եւ չորս անգամ բարձրացել պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ