Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերադարձավ հյուրախաղերից
Հայաստանի պետական կամերային երգչախումբը հոկտեմբերի 14-21-ը հաջողությամբ հանդես է եկել Կանադայում՝ տեղի մի մշակութային ընկերակցության հրավերով, որի ղեկավարն է Լենա Ուզունյանը:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը պատմեց, որ ընկերակցությունը բաղկացած է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից, ովքեր անձնվիրաբար քարոզում են հայկական մշակույթը, աշխատում են ոչ միայն կանադահայ գաղութի, այլեւ լայն ունկնդրի համար: «Օրինակ, նրանք վարձում են այնպիսի դահլիճներ, որտեղ հաճախում են կանադացիներ կամ հրավիրում են կանադացի արվեստագետների, որոնք հանդես գան հայաստանյան կոլեկտիվների, տվյալ պարագայում՝ կամերային երգչախմբի հետ»: Ընկերակցությունը գործում է եկեղեցու հովանու ներքո, Բագրատ սրբազանի հոգեւոր աջակցությամբ: Արմեն Արաբյանը տեղեկացրեց, որ համերգներ են ունեցել Տորոնտոյում եւ Օտտավայում, ներկայացրել հայ եւ համաշխարհային երաժշտության նմուշներ, այդ թվում՝ Կոմիտաս, Մանսուրյան, Հալաջյան, երգչախմբի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ժողովրդական երգերի մշակումներից, Բարսեղ Կանաչյան եւ այլն:
«Եղանք Նիագարայի մոտ գտնվող ամենահին հայկական եկեղեցում, որտեղ փոքրիկ հոգեւոր համերգ տվեցինք, Տորոնտոյի հայկական եկեղեցում էլ պատարագ արեցինք, իսկ Օտտավայում՝ դեսպանատանը կայացած համերգը նաեւ ջերմ շփման հնարավորություն էր տեղի հայերի հետ»,- ասում է երգչախմբի տնօրենը:
Կարդացեք նաև
Կանադական հյուրախաղերից անմիջապես հետո Կամերային երգչախումբը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու արդեն 11-րդ անգամ անցկացվող «Միջազգային կոնսերվատորիական շաբաթ» հանրահայտ փառատոնին: Մեր Կամերայինը հրաշալի է հանդես եկել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում՝ հոկտեմբերի 22-25-ը (Սմոլնիի տաճարում եւ Գլազունովի անվան համերգասրահում): Ծրագրում եղել է Կոմիտաս, Հալաջյան, Շնիտկե, Չայկովսկի, Մանսուրյան, Սաթյան, Բրամս, Գերշվին, Ռոբերտ Մլքեյանի՝ ժողովրդական երգերի մշակումներից:
Ա. Արաբյանը հավաստիացնում է, որ համերգներն այստեղ փայլուն են անցել, չնայած նրան, որ անսպասելի կորուստ են ունեցել. սրտամկանի կաթվածի պատճառով վախճանվել է երգիչներից Ռոբերտ Բավեյանը: «Սկզբում ուզում էինք հրաժարվել համերգներից, բայց երգչախումբը իր մեջ մեծ ուժ գտավ եւ շարունակեց հանդես գալ, որովհետեւ մտածեցինք, որ Ռոբերտ Բավեյանը հաստատ կուզենար, որ այդ համերգները կայանան»,- նշեց մեր զրուցակիցը: Արմեն Արաբյանի ասելով, իրենց ամենաջերմ ծափահարողներն են եղել պրոֆեսիոնալները, մասնավորապես Կազանից ժամանած ու Ռիմսկի Կորսակովի անվան կոնսերվատորիայի երգչախմբերը:
«Իրենք ուղղակի ապշած էին: Երբ ազգային գործեր ես հնչեցնում, օտարազգիները լսում եւ հավանում են, իսկ երբ իրենցն ես ավելի լավ կատարում, հասկանում են, թե ում հետ գործ ունեն»,- փաստում է Հայաստանի կամերային երգչախմբի տնօրենը: Ի դեպ, Ա. Գլազունովի անվան դահլիճում կայացած համերգից հետո երգչախմբին է մոտեցել «Եկատերինյան պալատներ» հեղինակավոր փառատոնի կազմակերպիչ Մարինա Սաֆարյանցը, որ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի տիկինն է, ու ասել. «Դուք գոլ խփեցիք նրանց (ռուսների-Գ.Հ) դարպասին»: Երգչախմբի սանկտպետերբուրգյան համերգներին աջակցել են ՎՏԲ բանկը, տեղի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, իսկ Կանադայի ծախսերը հոգացել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Երկու երկրների հյուրախաղերից հետո Հայաստանի պետական կամերային երգչախումբը մի շարք հրավերներ է ստացել 2012-ին կայանալիք փառատոների մասնակցելու, մնում է լուծվի ճանապարհածախսի հարցը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ