Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին քանդած փողոցների եւ ցամաքած առուների մասին

Նոյեմբեր 17,2011 13:42

Սիսիանի քաղաքապետը սեփական սխալները ընդունելու փոխարեն «դավադրություն» է բացահայտում:

Նոյեմբերի 12-ին «Այս մի մուրազն էլ փորում մնաց. Սիսիանի փողոցները ասֆալտապատելու, մեկ կիսանդրի տեղադրելու հարցերում չհաջողած քաղաքապետը խոստանում է քաղաքում տեղադրել երեք արձան» հրապարակմամբ հերթական անգամ ներկայացրել ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի խմելու ջրի ցանցի նորոգման եւ փողոցների քանդված վիճակը: Երբեմնի ջրառատ Սիսիանում ոչ միայն այգիները, այլեւ պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակին կառուցված աղբյուրները տեղ-տեղ ցամաքել են, տեղ-տեղ անտեղի ջուր է հոսում, գնում-կորչում: Գրել ենք նաեւ, որ ամեն անգամ այս թեմայով մեր հրապարակումներից հետո ստանում էինք «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային մասնաճյուղի արձագանքը, իսկ ահա Սիսիանի քաղաքապետարանը լռում էր եւ է:

Գրել էինք, որ ասֆալտապատ Սիսիան ունենալու հարցում չհաջողած քաղաքապետը փորձել է տեղադրել արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Ոսկանյանի կիսանդրին, բայց էլի չի հաջողել, իր իսկ խոսքով՝ «գործարար սիսիանցիներից սպասելիքներս հանգանակությունների առումով չեն արդարացել»: Գրել էինք՝ ամենաքիչը երկու չկատարած խոստում ունեցող քաղաքապետը ուզում է Սիսիանում մարզադահլիճ ունենալ, կանգնեցնել Սիսակ Նահապետի, Վասակ Սյունու, Հովհան Որոտնեցու արձանները:

Այս հրապարակմանը արձագանքել է Սիսիանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժինը: Ըստ պատասխանի. «Այս մի մուրազն էլ փորում մնաց» հոդվածում բերված փաստերը հիմնականում մտացածին են եւ ոչ հիմնավոր: Սիսիան քաղաքում ոռոգման ջրի բացակայության պատճառով ոչ մի թիզ հող չի մնացել առանց մշակության, ավելին՝ նախորդ տարվա համեմատությամբ նկատվել է զգալի աճ»: Հիշեցնենք, որ մեր հրապարակումներով ներկայացված են կոնկրետ անձինք՝ անուններով, հրապարակել ենք մոտ երկու տասնյակ լուսանկար: Քաղաքապետարանի պատասխանում կոնկրետ ոչ մի թիվ կամ անուն չկա:

Սիսիանի քաղաքապետարանում գտնում են, որ, «մեղմ ասած, բարոյական չէ արցախյան ազատամարտի անվեհեր մարտիկ եւ հրամանատար Վուրգ Ոսկանյանի արձանի տեղադրման ընթացքի շահարկումը», ու հետո կրկնում են քաղաքապետի միտքը այլ բառերով՝ «արձանի տեղադրման աշխատանքը խոստացված ժամկետից ուշանում է հատկապես արձանը տեղադրել ցանկացող մի խումբ գործարարների կողմից իրենց խոստումը դրժելու պատճառով»: Մենք ընդամենը արձանագրել ենք, որ քաղաքապետը ուզում է արձան տեղադրել ու չի հաջողել, խոստում է տվել ու չի կատարել: Հենց ինքն է խոստովանել, որ ակնկալիքները չեն արդարացել: Հիմա ով է, մեղմ ասած, ոչ բարոյական, դժվար չէ հասկանալ:

Վերջում Սիսիանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ «անկախ ստեղծված արհեստական դժվարություններից, Սիսիանի քաղաքապետը ունի համապատասխան կամք եւ նպատակասլացություն՝ սկսած գործը մինչեւ վերջ հասցնելու, իսկ հետագայում նաեւ հոդվածում մատնանշված խնդիրները լուծելու համար»: Թե ով է քաղաքապետի ու քաղաքապետարանի համար արհեստական դժվարություններ ստեղծում, այդ ում դեմ է այսօր այսպես անզոր Սիսիանի ղեկավարը, քաղաքապետարանը չի ասում, բայց հայաստանցի պաշտոնյաներին խիստ հարիր կեցվածք է դրսեւորում, սեփական սխալները ընդունելու փոխարեն «դավադրություն» է տեսնում եւ երկու անգամ պնդում, որ մեր հոդվածը պատվիրված է: Խոստում տալիս սխալ հաշվարկներ անող եւ արդյունքում խոստումները չկատարող քաղաքապետին առաջարկում ենք պատվիրված հոդվածի հարցը մինչեւ վերջ տանել, կոնկրետ անուններ տալ: Եթե Սյունիքի ոչ այնքան կարգապահ մարզպետի օգնությամբ քաղաքապետ դարձած Աղասի Հակոբջանյանը կապացուցի, որ «Այս մի մուրազն էլ փորում մնաց» հրապարակումը պատվիրված է, պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել, եթե չէ՝ բարեկրթությունը հուշում է, որ քաղաքապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի…սիսիանցիներից՝ սուտ խոստումներ տալու համար:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930