Գյումրեցիներից շատերը ձմեռն անցկացնում են «քրջեր» վառելով
Գյումրիում, բնակլիմայական պայմաններով պայմանավորված, ձմեռը մոտ 7-8 ամիս է տեւում: Ի սկզբանե տնակներում ու գործազրկության ճիրաններում հայտնված գյումրեցիները գազի սակագնի հետ կապված տարբերակված մոտեցում էին խնդրում կառավարությունից: Ձմեռն այստեղ սարսափելի թանկ է նստում բնակիչների վրա, միջին հաշվարկով մոտ 500 հազար դրամ է անհրաժեշտ ցրտից չմեռնելու համար, չհաշված, որ տարվա այս եղանակը երբեմն մարդկային կյանքեր է խլում՝ հիվանդանոցները լցնելով ցրտահարված մարդկանցով: Այդ պատճառով էլ գյումրեցիներից շատերը սկսել են ամռան կեսերից սկսած՝ իրենց գլխի ճարը տեսնել՝ աղբանոցներից կոշիկ, հագուստ, անվադող, ջարդած սեղան-աթոռ եւ այլ իրեր հավաքելով: Գազի վառարաններ չեն օգտագործում նույնիսկ բազմաբնակարան շենքերում: Մեր զրուցակիցներից մեկի՝ Անի թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի 31 շենքի բնակիչ տիկին Դունյայի խոսքերով, այսօր գյումրեցիները կռիվ են մղում վառելիքի համար՝ «Մի քիչ ուշացար՝ քրջիդ տերը չես»: Տիկին Դունյան բնակվում է 4 սենյականոց բետոնե շենքի 4-րդ հարկում, ննջասենյակներից մեկը, այսպես ասած, փայտանոց է դարձրել, այնտեղ լցրել է վառելիք դառնալու ենթակա ամեն պատահած իր, այդուհանդերձ՝ վստահ է, որ մինչեւ փետրվար չի բավարարի: «Մի հատ խնդրում եմ նայեք, սա խոհանո՞ց է, թե՞ ննջասենյակ, մենակ էստեղ ենք ջեռուցում, ընդ որում՝ մի բոց առավոտ ենք գցում, մի հատ էլ երեկոյան ու մութը չընկած տեղներս ենք մտնում: Սա մարդկային կյա՞նք է, խոհանոցում մնում է միայն լողանանք: Նախնադարյան ցեղերը մեզանից հազար անգամ լավ են ապրել, ո՞վ նման կյանքով կապրի: Մեր ընտանեկան բյուջեն 37 հազար դրամ է, ես դրանով ո՞ր մի վարձը տամ, ո՞նց ապրենք 2 հաշմանդամով: Եթե գազի վառարան դնեմ, ամսական 70 հազար դրամ պիտի տամ: Իմ բոլոր հարեւանները, բացի 2-րդ ու 3-րդ հարկերի որոշ ընտանիքներից, բոլորը չուլ են վառում, չեք պատկերացնի՝ մոտակա խանութում կարտոնի համար ինչ կռիվ է»,- դժգոհեց տիկին Դունյան: Նա վառելիքը քարշ տալով բերել է քաղաքի ծայրամասերից, ցախն էլ՝ Էջմիածնից է Գյումրի տեղափոխել: Վերոհիշյալ շենքի բնակիչներից շատերն են հրաժարվել կապույտ վառելիքից, այս շենքում կային նույնիսկ միայնակ ծերեր, որոնք սեփական տանը նստած էին վերարկուներն ու ձմեռային կոշիկները հագին: Այս շենքի բնակիչները մեզ հետ զրույցում նկատեցին, որ իրենց այս վիճակը մայրաքաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներին բացարձակ չի հուզում՝ այլապես գոնե մի անգամ կշրջեին Գյումրիում ու կտեսնեին երկրի իրական վիճակը: Ի դեպ, գազօգտագործման հետ կապված մենք պարզաբանումներ ստացանք նաեւ Գյումրիի գազամատակարարման եւ գազօգտագործման գրասենյակից: Իրացման գծով տնօրենի տեղակալ Ռուսամ Գրիգորյանը փոխանցեց, որ գազօգտագործումից հրաժարվողների մասին հնարավոր չէ հստակ տեղեկություններ հաղորդել, քանի որ բնակիչը փող չունենալու պատճառով կարող է մի ամիս փայտ վառի, մյուս ամիս՝ գազ, եւ չկա որեւէ մեկը, որը դիմում կներկայացնի գազի գրասենյակ եւ իր պայմանագիրը պաշտոնապես խզի: Սակայն փոխտնօրենը հայտնեց, որ Գյումրիում, իսկապես, մոտ 20%-ով նվազել են գազի օգտագործման ծավալները:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ