Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ագրարային կործանիչ քաղաքականություն

Նոյեմբեր 17,2011 13:37

Կկորցնենք գյուղատնտեսությունն էլ, գյուղն էլ, գյուղացուն էլ

Երկրագնդի բնակչության աճին հակառակ՝ նվազել է 1 շնչին ընկնող պարենամթերքի քանակությունը: Մտահոգված պարենամթերքի դեֆիցիտով, միջազգային տարբեր կազմակերպություններ առաջարկում են ավելացնել պարենամթերքի արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆը առաջարկել է պարենամթերքի արտադրության ծավալները ավելացնել՝ զարգացած երկրներում 70 %-ով, իսկ զարգացող երկրներում՝ կրկնակի: Պարենամթերքի դեֆիցիտն իր հետ առաջ է բերում սննդամթերքի գների կտրուկ թանկացումներ, ինչի հետեւանքով մարդկությանը սպառնում է սովը:

Տրամաբանական է, որ ցանկացած նորմալ երկիր պարենամթերքի աճ կարող է ապահովել միայն ի հաշիվ իր երկրի բնական պաշարների արդյունավետ օգտագործման եւ գյուղատնտեսության ինտենսիվացման:

Այժմ տեսնենք, թե որքանով է Հայաստանը պատրաստ դիմակայելու վերը նշված մարտահրավերներին: Հայաստանի տարածքի միայն 46,8 %-ն է հնարավոր օգտագործել գյուղատնտեսական նպատակներով: Խորհրդային տարիներին պետությունը հսկայական ֆինանսական միջոցներ ներդնելով՝ բազմաթիվ խամ ու խոպան հողեր վերածեց մշակելի հողերի եւ մեզ թողեց 494,3 հազար հա վարելահողեր, 63,8 հազար հա բազմամյա տնկարկներ, 138,9 հազար հա խոտհարքներ, 694 հազար հա արոտավայրեր: Սակայն վերջին տարիներին երկրում իրականացված եւ իրականացվող սխալ ագրարային քաղաքականության հետեւանքով առկա հողային պաշարները արդյունավետ չօգտագործվեցին, որի պատճառով վարելահողերի զգալի մասը շարքից դուրս է եկել, բերրիությունը կտրուկ նվազել է եւ մեր մշակելի հողային պաշարները վերածվում են անապատի: Այս կապակցությամբ հրապարակավ բազմիցս ահազանգել ենք, որ երկրի 560 հազար հա մշակելի հողերի կեսից ավելին այսօր չի մշակվում, որը Հայաստանի նման սակավահող երկրի համար, մեղմ ասած՝ անթույլատրելի է: Անթույլատրելի է նաեւ մշակելի հողերի որոշ մասի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործումը:

Հողերի չմշակման հետեւանքով հասցված վնասին զուգահեռ, այժմ էլ գյուղնախարարությունն առաջարկում է ֆինանսական միջոցները տնտեսելու նպատակով հրաժարվել հողը վարելու գործընթացից եւ անցնել անվար տեխնոլոգիայի: Ըստ իս, սա աբսուրդային առաջարկ է: Իմ այս տեսակետը բաժանում են նաեւ գյուղատնտեսության ոլորտի շատ մասնագետներ եւ գյուղացիներ: Խորհրդային տարիներին գործում էին միութենական եւ հանրապետական նշանակության երկրագործության, հողագործության, ագրոնոմիայի եւ գյուղատնտեսական այլ ուղղվածության բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ եւ այլ հաստատություններ, որոնցում աշխատում էին բազմաթիվ հայտնի գիտնականներ, սակայն նրանցից ոչ մեկի մտքով երբեւէ չի անցել ՀՀ-ում կիրառել առանց վարի մշակություն: Ճիշտ է, ԽՍՀՄ որոշ հողատարածքներում նախկինում էլ, ներկայումս էլ կիրառվում է հողի անվար մշակության տեխնոլոգիա, սակայն այստեղ հաշվի են առնվում տեղի բնակլիմայական պայմանները, հողերի տեսակները, դրանց կազմը եւ այլն: Հայաստանի պարագայում այս ամենը հաշվի չի առնվում: Չեմ զարմանա, եթե հանկարծ մի օր էլ լսենք, որ գյուղնախարարությունը գյուղացիներին առաջարկում է հրաժարվել գյուղտեխնիկայի օգտագործումից, վերադառնալով հողը մշակելու պապենական եղանակներին, դա հիմնավորելով էկոլոգիական վիճակի մասին իրենց «մտահոգությամբ», ինչը իբր կարող է բերել նաեւ վառելիքի տնտեսման:

Գյուղատնտեսության վարման նոր, առաջավոր տեխնոլոգիաների, համալիր մեքենայացման եւ ինտենսիվացման այլ գործոնների եւ մեթոդների կիրառության մասին խոսելը, կարծում եմ, անիմաստ է, որովհետեւ դրանք գյուղացիության հիմնական մասը կազմող աղքատ գյուղացիների համար անհասանելի են:

Հայաստանում ոմանց ձեռնտու է տեղական գյուղարտադրությունը զարգացնելու փոխարեն դրսից ներկրել պատրաստի գյուղատնտեսական պարեն, ինչը կբերի մենաշնորհի եւ դրանց գները կթելադրվեն ներկրողի կողմից: Սա կվտանգի երկրի պարենային քաղաքականությանը եւ կբերի գյուղատնտեսության ոլորտի կորստին: Չնայած ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն, սակայն գյուղացիներից շատերը չեն զգում գյուղնախարարության աջակցությունը, իսկ այս տարի, նախորդ տարվա համեմատ, քիչ ավելի շատ բերք ստանալը դեռ չի նշանակում, որ մենք ստացել ենք բավարար քանակությամբ բերք, ուղղակի այս տարի կլիմայական պայմանները համեմատաբար բարենպաստ էին: Այսօր պետությունը գյուղի հետ կապված երկու կարեւոր խնդիր ունի լուծելու՝ գյուղական աղքատության նվազեցում (կամ վերացում) եւ բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով ապահովում: Օրեր առաջ կառավարության կողմից հավանության արժանացավ գյուղնախարարության ներկայացրած, «ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման» հայեցակարգը, որում առայժմ մշուշոտ կերպով գյուղատնտեսական կոոպերացիաների ձեւավորմանը խրախուսելու կողքին, առաջիկայում նախատեսված է խոշոր ապրանքարտադրողների կողմից հողերի կենտրոնացման գործընթացի սկսում: Ըստ իս, սա շատ վտանգավոր գործընթաց է, եւ կա մտավախություն, որ տնտեսությունների խոշորացման պայմաններում աղքատ գյուղացին կվերածվի վարձու աշխատողի, որ նույնն է՝ իսպառ կվերանա «գյուղացի» հասկացությունը: Իսկ գյուղական համայնքների զարգացմանը նպաստելու փոխարեն, շրջանառվում է մեկ այլ՝ ՀՀ-ում գյուղական համայնքների խոշորացման կործանարար հայեցակարգ, որով նախատեսվում է գյուղական մի քանի համայնքների միավորում 1 համայնքի շուրջ: Կարծում եմ, հայեցակարգի արդյունքում, այն համայնքը, որտեղից կընտրվի գյուղապետը՝ կզարգանա, իսկ մյուս գյուղերը ժամանակի ընթացքում կդատարկվեն եւ կվերածվեն պատմական հնությունների, եւ մենք կկորցնենք «գյուղ» հասկացությունը:

Իրավիճակի վերլուծությունը ինձ թույլ է տալիս եզրակացնելու. եթե ագրարային քաղաքականությունը մեր երկրում այսպես շարունակվի, ապա մենք գործ կունենանք արդեն ոչ թե գյուղերում ապրելու եւ աշխատելու պայմանների բացակայության պատճառով մեծ չափերի հասած արտագաղթի, այլ՝ պարզապես կկորցնենք գյուղատնտեսությունն էլ, գյուղն էլ, գյուղացուն էլ:

ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ

«Ֆերմերային շարժում»

հ/կ նախագահ,

Կայուն զարգացման ծրագրի

Քաղաքացիական համագործակցության ցանցի փոխնախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930