Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկ տարի լռում են

Նոյեմբեր 17,2011 13:34

Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցածը արդեն երկու օր է՝ լարվածության մեջ է պահում հայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտը: Այդ առիթով ամենատարբեր մեկնաբանություններ, մեղադրանքներ, պաշտպանական ճառեր ու էլի նման բաներ են հնչում: Շատերի համար անսպասելի՝ անգամ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Թե գործն ինչ ընթացք կստանա իրավական դաշտում՝ ժամանակը ցույց կտա: Ասում են նույնիսկ, որ այսօր կայանալիք ՀՀԿ նիստում հնարավոր է, որ Սուրիկ Խաչատրյանը կուսակցական տույժի էլ արժանանա: Բայց ծեծկռտուքի այս պատմության մեջ կարծես թե անտեսվեց մի էական մանրամասն: Դեռ մեկ տարի առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին, «Հայաստանում բիզնես մթնոլորտն «արտակարգ» է» հրապարակմամբ «Առավոտն» անդրադարձել էր «Սիփան 1» ընկերության շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, եւ հրապարակել էինք Սիլվա Համբարձումյանի խոսքը, ով ակնկալում էր նախագահի միջամտությունը՝ կանխելու համար տեղի ունեցող անօրինականությունները: Նախագահը եւ իրավապահները քար լռություն պահպանեցին: Վերջերս մամուլի ասուլիսում, արդեն նախագահի կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում, կին գործարարը դարձյալ դիմեց նախագահին՝ ակնկալելով նրա անաչառությունը: Հետո եղավ այն, ինչ եղավ: Հասկանալի է, որ Սիլվա Համբարձումյանը չէր կարող պատահական մեկը լինել, ով հանկարծ հայտնվել էր հայաստանյան բիզնես-միջավայրում եւ գործունեություն էր ծավալում: Բայց փաստը, որ գործարարը հրապարակային հայտարարություններ է անում, բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին մեղադրանքներ է հնչեցնում ու ակնկալում է, որ հանրապետության նախագահը օգնության ձեռք կմեկնի, կարծում ենք՝ անտարբերության չպետք է մատնվեր: Այս ընթացքում տարբեր մարդիկ տարբեր զրույցներում խորհուրդներ տվեցին այդքան էլ չհավատալ Սիլվա Համբարձումյանի ասածներին: Չեմ վիճում, քանր որ Հայաստանում ոչինչ բացառել չի կարելի: Բայց եթե գործարարը զրպարտում է պետական պաշտոնյաներին՝ ինչո՞ւ ինքն օրինական պատժի չի արժանանում:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցածից հետո «Առավոտը» փորձեց պարզել վարչապետի վերաբերմունքն այս ամենին: Արդեն երկրորդ օրն է՝ վարչապետի մամուլի քարտուղարի պարզաբանումներին ենք սպասում: Ավելի ուշ վարչապետը ԱԺ-ում պարզաբանումներ տվեց ու խոստացավ դեռ ասել «տղամարդու իր խոսքը»: Երեկ փորձեցինք նաեւ նախագահի մամուլի խոսնակից ճշտել՝ չի՞ պատրաստվում նախագահն ընդառաջ գնալ կին գործարարի՝ հանուն արդարության օգնության ձեռք մեկնելու խնդրանքներին, մանավանդ, որ իրադարձությունները նման ընթացք ստացան: Նախագահի մամուլի խոսնակը նույնպես անպատասխան թողեց մեր հարցումը: Ի դեպ, երեկ ամբողջ օրն էլ Սուրիկ Խաչատրյանը հեռախոսազանգերի չէր պատասխանում: Նրա՝ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչը նույնպես շեֆի օրինակին էր հետեւում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930