Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերան զավթե՞լ են

Նոյեմբեր 17,2011 13:27

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀԿ-ին մեղադրանք ուղղեց, իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքեց այդ մեղադրանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ի վեր Ազգային ժողովի ներսում համն ու հոտը կորել է, պատգամավորները նախ՝ վատ են հաճախում, երկրորդ՝ պասիվ են, եւ երրորդ՝ նիստը վարող Սամվել Բալասանյանը պարզապես ուժասպառ է եղել: Երեկ շարունակվեցին 2012-ի պետական բյուջեի քննարկումները: ՀՅԴ եւ «Ժառանգության» պատգամավորները եւս ուժասպառ եղան, քանի որ միակ հարց տվողները եւ ելույթ ունեցողները եւս իրենք էին: Քաղաքական ելույթները խորհրդարանից վերացել են որպես «դասակարգ», երեկ միակ բացառությունը փորձեց անել Վիկտոր Դալլաքյանը, բայց եւ նրա ելույթը առաջին հերթին դարձավ սոցիալական եւ տնտեսական: Ի դեպ, հիշեցնելով Շիրվանզադեի «Ակոյի տոնածառը» պատմվածքը՝ պարոն Դալլաքյանը այդ գիրքը նվիրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի կառավարությունը մտածի խեղճուկրակ ակոների եւ նրանց չարքաշ, գործազուրկ եւ փողազուրկ հայրերի մասին: Մինչ այդ, խոսելով վարչապետների մասին, հայտարարել էր. «Նախագահ Սարգսյանը վերջերս շանս է տվել գործող վարչապետին՝ զուտ տնտեսական գործիչ ներկայանալուց բացի, դրսեւորվել նաեւ որպես առանցքային քաղաքական դեմք»: Եվ ի լրումն ասաց. «Հայաստանի 12 վարչապետներից պետության ղեկավարի կամքից կախված չեն եղել միայն Վազգեն եւ Սերժ Սարգսյանները»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ մի խումբ մեղադրանքներ ուղղեց Հանրապետականին եւ ուզեց իմանալ, թե ինչու մի բան, որ արգելվում է «Ժառանգությանը»՝ դպրոցի, համալսարանի, օպերայի դահլիճ չի տրամադրվում, չի արգելվում Հանրապետականին՝ ինչ ուզում՝ անում է. «Եկեք կայացրեք մի որոշում, որ մենք էլ հավասար մուտք ունենանք, թե չէ՝ ստացվում է, որ Հանրապետականը օպերայի դահլիճը ցանկացած նպատակով կարող է բռնազավթել, իսկ մնացածներս՝ չէ»:

Ի պատասխան այս մեղադրանքների՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Որքան ինձ տեղեկացրեց արդարադատության նախարարը, նախընտրական ժամանակահատվածում է, որ արգելվում է համապատասխան պետական կառավարման մարմինների մոտ նախընտրական գովազդը, կարծում եմ՝ Դուք ավելի ճիշտ կլինի՝ զինվեք համբերությամբ եւ սպասեք նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկին, փոխանակ նման լուրջ մեղադրանքներ մեզ առաջադրեք: Ինչ վերաբերում է դպրոցներին եւ ուսումնական հաստատություններին, Ձեր կողմից ակնարկված դեպքը (Աջափնյակի դպրոցներից մեկում կազմակերպված միջոցառումը-Մ. Ե.)՝ մի միջոցառում, որը հաջողությամբ անցավ, կարծում եմ, պետք է վստահություն ներշնչի, որ իրավականության, օրինականության մասով կրթության ոլորտում որեւէ խնդիր չի առաջացել: Կոնկրետ Աջափնյակ վարչական շրջանում տոմսերի բաժանումը եւ հանդիպումը տեղի ակտիվի հետ տեղի են ունեցել ոչ աշխատանքային օր եւ չեն խաթարել կրթական գործընթացը»: Անահիտ Բախշյանը, իհարկե, համամիտ չէր հնչած մեկնաբանություններին:

Մ. Ե.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930