«Այն, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը խանգարում է ազատ մամուլի, ազատ խոսքի իրավունքի իրացմանը, փաստ է»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օրերս իր որոշմամբ հանգել էր եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտություն եւ վիրավորանք հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
«Փաստը, որ թերթերի նկատմամբ 30 դատական հայց կա, խոսում է այն մասին, որ հոդվածն այնքան վատն է եւ տարընթերցումների տեղիք է տալիս, որ տեղից վեր կացող ցանկացած անձ ցանկացած հոդվածի հետ կապված կարող է դիմել դատարան եւ պատիվ պահանջել»,- ասաց Ա. Օհանյանը, միեւնույն ժամանակ առանձնացրեց որոշ կետեր, որոնք ըստ նրա, դրական են զուտ օրենքի մեկնաբանության առումով: Ավելի ուշ կարծիք հայտնեց. «Բայց ախր Սահմանադրական դատարանը իրավախորհրդատվական կազմակերպություն, գիտական հիմնարկ չի: Պետք է ընդամենը որոշեր` այս օրենքը հնարավորություն տալի՞ս է, որ Սահմանադրությունը Հայաստանում գործի: Հիմա ունենք մի օրենք, որի ճիշտ գործելու, ճիշտ աշխատելու հավանականությունը կախված է դատավորների գրագիտությունից, բարեխղճությունից, ոչ կոռումպացված լինելուց, ազնվությունից, մամուլի դերը հասկանալու հանգամանքից: Բայց ինչո՞ւ պետք է օրենքն այնպիսին լինի, որ կախված լինի դատավորի որակներից: Մի կասկածեք, որ մի դատավորը ճիշտ, մյուսն անարդար որոշումներ կկայացնի եւ մենք իրավունք չենք ունենա ասելու, որ դուք սխալ որոշում եք կայացրել: Ի՞նչ լծակներ ունի սահմանադրական դատարանը, ընդհանրապես իշխանությունը, մամուլը, որպեսզի այս դրույթներն աշխատեն: Կարծում եմ` ոչ մի»:
Կարդացեք նաև
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, օրենքը սուբյեկտիվիզմի լայն տեղ է թողնում եւ այն պետք է բարելավվի, բայց համաձայն չէ, որ Սահմանադրական դատարանի որոշումը զրոյի է հասցնում այդ հոդվածի բարեփոխման հնարավորությունը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ