Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն իշխանության հետ չի պայմանավորվել

Նոյեմբեր 17,2011 13:10

Նախկին պատգամավոր եւ բարձրաստիճան պաշտոնյա Շահեն Պետրոսյանը կհավատա իշխանության անկեղծությանը, եթե ներողություն խնդրեն նախկին կեղծված ընտրությունների համար:

– Արդեն քանի օր է՝ իշխանական տարբեր թեւերի ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ համոզելու համար, որ տեղի ունեցող ադմինիստրատիվ փոփոխությունները ոչ թե ներիշխանական ճգնաժամի եւ ինտրիգների արդյունք են, այլ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստություններ, եւ որ այդպիսի ընտրությունները նախեւառաջ իշխանություններին են պետք: Ճշմարտության հատիկ կա՞ այստեղ:

– Ոչ: Որովհետեւ Սերժ Սարգսյանի ասածները եւ արածները շատ նման են Սովետական Միության կարկառուն կոմերիտական գործիչների գործողություններին: Նրանք ասում էին, որ կկառուցեն կոմունիզմ, իսկ իրականում ինչով էին զբաղված՝ գիտենք բոլորս: Ընդամենը դեմագոգիա է: Բնական է, որ Սերժ Սարգսյանն ուզում է ազատվել, հրաժարվել մականունավորներից, ուզում է թարմացնել թիմը: Մականունավորների մասին արդեն շատ է խոսվում, եւ մարդկանց «բերանում ավելորդ լեզու չդնելու» համար ուզում է երիտասարդական հովեր մտցնել, մանավանդ, որ այդ մականունավորները չեն կարող հավերժ լինել, ժամանակը եկել է: Բայց եթե ժողովրդի դիմադրություն չլինի, եւ Սերժ Սարգսյանը մնա իշխանության՝ նույն բդեշխությունը պահպանվելու է: Ամեն դեպքում, երիտասարդական ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունները, բնապահպանական շարժումները հույս ներշնչում են, որ քաղաքացիական ակտիվությունն ավելի կբարձրանա, եւ փոփոխություններ կլինեն: Բայց ասել, որ իշխանություններից կախված ինչ-որ բան իրենք կանեն, մտածում են, նախապատրաստում են… թող նախ՝ իրենք ներողություն խնդրեն նախկին կեղծված ընտրությունների համար: Մինչեւ իրենք դա չանեն, չեմ հավատում, որ շահագրգիռ են, որ ուզում են, որ կանեն:

– Վերջին հանրահավաքից հետո, երբ առաջին նախագահը հայտարարեց, որ հետագա պայքարի տարբերակներից մեկն էլ հերթական ընտրություններին պատրաստվելն է, ՀԱԿ համակիրների շրջանակներում մի տեսակ հիասթափություն առաջացավ: Անգամ խոսակցություններ շրջանառվեցին, որ իշխանության եւ ՀԱԿ-ի վերնախավերի միջեւ պայմանավորվածություններ կան: Այդպիսի հավանականություններ տեսնո՞ւմ եք:

– Հայաստանի քաղաքացիների շրջանակներում, միջազգային կազմակերպություններում կա պահանջարկ, որ Հայաստանի իշխանությունների գործունեությունն ավելի թափանցիկ դառնա: ՀԱԿ-ը տարբեր առիթներով բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն: Հիմա՝ իշխանությունն ինչ-որ քայլեր ուզում է անել ՀԱԿ-ի բարձրացրած հարցերին ընդառաջ, բայց որ իրար հետ նստում են կամ ինչ-որ միջնորդների միջոցով ինչ-որ բաներ են պայմանավորվում՝ ես չեմ կարող նման բաների հավատալ: Անջրպետն այնքան մեծ է: Վերջիվերջո, իշխանական շրջանակներից որոշ մարդկանց հետ ինքս էլ շփումներ ունեմ, ինձ էլ նման հարթակ ստեղծելու առաջարկ կանեին: Տեսանք էլի՝ երկխոսությունը իրենք տապալեցին: Այնպես որ՝ այդ խոսակցությունները ժողովրդական բանահյուսության ոլորտից են: Ի՞նչ պիտի պայմանավորվեն: Իշխանավորները հոժարակամ պիտի պայմանավորվեն, որ իշխանությունը հոժարակամ հանձնե՞ն: Չեն կարող նման բան անել:

– Նահա՞նջ է, արդյոք, ՀԱԿ-ի կողմից հերթական ընտրությունների գնալը:

– ՀԱԿ-ն անում է այնքան, ինչքան կարողանում է անել: Կտրուկ գործողություններ որ անում ես՝ հետագա քայլերն էլ պետք է պահես: Վերջին մեկշաբաթյա նստացույցը եղավ՝ ասենք, մի քանի ակտիվիստ մարդիկ վրանների մեջ ցրտին նստեն, տառապեն՝ հանուն ինչի՞, երբ այնպիսի իրավիճակ է, որ երիտասարդները ավելի շատ ձգտում են փախչել, դուրս գնալ Հայաստանից: Ես նույնիսկ փոխել եմ ժողովրդական առածը՝ հատուկ սփյուռքի նախարարության համար՝ «գնա մեռի՝ արի սիրեմ»՝ «գնա մեռի՝ արի տուն»: Հայաստանը դարձել է մեծ թաղման բյուրո:

– Իսկ հերթական կամ արտահերթ ընտրություններով ինչ-որ բան փոխել հնարավո՞ր է:

– Արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ես այդ մասին արդեն երեք տարի է՝ ասում եմ: Լինելու են հերթական ընտրություններ, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գործունեություն կծավալի ընդդիմությունը: Ես նկատի չունեմ միայն ՀԱԿ-ին: «Ժառանգությունն» էլ, Դաշնակցությունն էլ թող ակտիվանան եւ միավորվեն մեկ խնդրի շուրջ՝ մեկ անգամ նորմալ ընտրություններ հնարավոր լինի կազմակերպել: Մնացածն ածանցյալ է լինելու: Դա իրենց էլ է ձեռնտու, էս անգամ էլ չեն գրելու՝ տան իրենց էդ տոկոսները: Դե, կռվեք ձեր ձայների համար:

Այս ընտրությունները Հայաստանի վերջին շանսն են, եթե տապալվեցին՝ վերջնականապես ընկնում ենք ռուսական տեղապտույտի մեջ: Ռուսաստանը հարուստ երկիր է, ամեն ինչ կարող է, բայց Հայաստանի միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է: Մեր կողքին կա մի շատ լավ օրինակ՝ Վրաստանը, եւ շատ վատ օրինակ՝ Ադրբեջանը: Հայաստանն էս երկուսի միջին թվաբանականն է ու չի կողմնորոշվում: Վրացի չկա, որ Սահակաշվիլուց դժգոհ չլինի, բայց ոչ ոք չի մտածում Վրաստանը լքելու մասին: Մենք էստեղ մտածելու եւ մտահոգվելու առիթ ունենք: Էս իշխանավորներին պետք է ստիպել, որ մի քիչ գիրք կարդան, ոչ թե «բայեվիկ» կինո նայեն ու տաշի-տուշի անեն: Տեսանք, թե տաշի-տուշիները Հունաստանին ուր տարան: Չտեսությանն ու գավառականությանը պետք է վերջ տան, պիտի քաղաքակրթվեն, իսկ իրենք ինտերնետով ամբողջ օրը լավագույն դեպքում իրար հետ «չատ» են անում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930