Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զգուշավոր՝ իրատեսական»

Նոյեմբեր 17,2011 13:06

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին

– «Հարկային փաթեթը» բավականին փոփոխություններ կրեց իր նախնական տեսքից, սակայն բյուջեում 101 միլիարդից ավելին հավաքելու մասին որոշումը մնաց անփոփոխ, ինչպե՞ս է դա կատարվելու:

– Կա երկու տեսակետ, որոնք ծայրահեղությունների մեջ են: Մի ծայրահեղությունն այն է, որ հնարավոր չէ լրացուցիչ հարկեր հավաքագրել, եւ 101 միլիարդը մի այնպիսի բեռ է, որը կառավարությունը հնարավորություն չունի բարձրացնելու, եւ մյուս ծայրահեղ տեսակետն այն է, որ 101 միլիարդը ի՞նչ խնդիր է որ, հնարավոր է նաեւ 500 միլիարդ շատ հեշտությամբ հավաքել: Հիմա ինչպիսին է իրավիճակը: Մենք 2012-ին այնպիսի քաղաքականություն պիտի իրականացնենք, որպեսզի հարկային վարչարարության տեսակետից բիզնեսի համար խնդիրներ չստեղծենք: Դա նշանակում է՝ մենք պետք է լինենք զգուշավոր, վարչարարությունը մեկ օրվա ընթացքում կատարելագործելն անհնարին բան է, որովհետեւ խոսքը 3 հազար պետական չինովնիկների վարքագծային կանոնների փոփոխության մասին է, ինչպես նաեւ 60 հազար տնտեսվարողների վարքագծային կանոնների փոփոխության հետ է կապված: Երկրորդը՝ իհարկե, ստվերային տնտեսության տեսակարար կշիռը դեռեւս բարձր է, եւ դա նշանակում է, որ մենք հարկերի հավաքագրման համար ռեսուրսներ դեռեւս ունենք, եւ երրորդը՝ դրանք այն օրենսդրական փոփոխություններն են, որոնք մենք իրականացնում ենք ԱԺ-ի հետ, որոնք հնարավորություն են տալու ամբողջությամբ կատարել 2012-ի բյուջեն: Եվ այդ տեսակետից ես գտնում եմ, որ սա զգուշավոր-իրատեսական բյուջե է:

– Կարո՞ղ ենք ասել, որ հաջորդ ԱԺ-ում Հանրապետական խմբակցությունում գործարար պատգամավորներ չեն լինելու:

– Դա Սահմանադրության պահանջն է եւ օրենքների:

– Հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, հատկապես երբ կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը հենց դրանով է պայմանավորված:

– Ինձ թվում է՝ դա անհեթեթ վարկած է:

– Եթե, այնուամենայնիվ, պարզվի Սյունիքի մարզպետի մեղավորությունը, ի՞նչ լուծում եք պատկերացնում՝ վարչական տեսանկյունից:

– Հարգելի գործընկերներ, արդարադատության նախարարը շատ հստակ պատասխանեց այդ հարցին, եւ ճիշտ կլինի, որ գործադիր իշխանությունը զերծ մնա մեկնաբանություններից՝ մինչեւ քրեական գործի ավարտը:

– Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ժամանակին հրաժարական տվեց, իսկ Սուրիկ Խաչատրյանը՝ դեռ ոչ, ինչո՞ւ:

– Այս դեպքը տարբերվում է նախորդ դեպքից, որովհետեւ մեկ այլ քրեական գործ արդեն իսկ հարուցված էր՝ կապված հանքերի հետ։ Դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ արդեն հարուցված է երկու քրեական գործ, սպասել քրեական գործերի ավարտին։ Ընդամենը մի քանի օր առաջ նույն լրատվական միջոցները տեղեկատվություն տարածեցին, որ վարչապետը հարբած ելույթ է ունեցել։ Վարչապետն իրավունք չունի գնահատականներ տալու, եթե ինքն այդ փաստերի հետ դեռեւս չի ծանոթացել՝ այդ իրավիճակը ստեղծվե՞լ է, թե՞ ոչ։ Մի կողմն ասում է՝ եղել է, մյուս կողմն ասում է՝ չի եղել։ Եթե եղել է, դա դատապարտելի, անթույլատրելի արարք է:

– Անահիտ Բախշյանը մեղադրեց իշխանություններին պետական ինքնաթիռները, պետական միջոցները եւ այլն սեփական կուսակցության խնդիրները լուծելուն ծառայեցնելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը Ձեզ մեղադրել էր «Կուսակցությունների մասին» օրենքը խախտելու համար, երբ, որպես վարչապետ, այցելելով մարզեր՝ նաեւ կուսակցական անդամատոմսեր էիք բաժանել, այսինքն՝ Ձեր դիրքը օգտագործել էիք:

– Մեղադրանքների շարքը կարելի է շարունակել, որովհետեւ տասնյակ այլ մեղադրանքներ էլ են հնչում, բայց կոնկրետ ձեր կողմից բարձրացված հարցի պատասխանն այսօր ԱԺ ամբիոնից տրվեց, թե վարչապետը որպես պաշտոնատար անձ՝ ինչ մեքենայից է օգտվում, գործուղումները ինչ կանոններով են իրականացվում: Այստեղ ընտրության հնարավորությունն այնպիսին է, ինչպես սահմանված են օրենքով, եւ որոշ նորմեր էլ կան, որոնք պարտադրված են վարչապետին: Այդ առումով օրենքի որեւէ խախտում չի եղել. վարչապետի այցը Բրյուսել եղել է ոչ թե կուսակցական, այլ պաշտոնական այց:

– Բավականին տեւական ժամանակ խոսվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ տարաձայնությունների մասին, եւ նույնքան տեւական ժամանակ եւ Դուք, եւ պարոն Աբրահամյանը հերքում էիք այդ տարաձայնությունները…

– Այո:

– Հիմա, երբ տեղի ունեցավ այս հրաժարականը, Դուք հանդիպումներ, քննարկումներ ունեցե՞լ եք ապագա շտաբի պետի հետ, եւ ընդհանրապես՝ Հանրապետականի ներսում ինչպիսի՞ն է բարոյահոգեբանական մթնոլորտը:

– Հանրապետական կուսակցության ներսում բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է, եւ մենք մեր կուսակցության ներսում գործադիր մարմնի նիստերում քննարկում ենք կուսակցության ներքին կյանքին վերաբերող բոլոր հարցերը, եւ, կարծում եմ, մեր կուսակցությունում տիրում է համագործակցության նորմալ մթնոլորտ:

Գրի առավ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930