Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսխորհուրդներից բացի

Նոյեմբեր 17,2011 12:48

Երբ խոսվում է Հայաստանում ժամանակակից ուսանողության մասին, չգիտես ինչու, առաջին հերթին հիշատակվում են ուսխորհուրդների կարիերիստները: Դա իսկապես տգեղ երեւույթ է, որը չի կարելի նույնիսկ խորհրդային ժառանգություն համարել: Որովհետեւ նախորդ դարաշրջանում ամենեւին էլ պարտադիր չէր, որ ակտիվ ուսանողները  վարչական կարիերա անեին: Ես, օրինակ, 2 տարի կոնսերվատորիայի ուսանողական գիտական ընկերության նախագահն էի եւ կոմսոմոլի կոմիտեի անդամ, սակայն դա ինձ չտվեց ոչ կուսակցական տոմս, ոչ էլ՝ աշխատանքի առումով որեւէ պայծառ հեռանկար՝ բուհն ավարտելուց հետո 3 տարի աշխատել եմ որպես երգի ուսուցիչ: Ամբողջ խնդիրն այն է, թե ով ինչպես է պատկերացնում այդ «պայծառ ապագան»: Նայելով այսօրվա ուսխորհուրդների երիտասարդներին՝ ես ենթադրում եմ, որ նրանց ձգտումները սահմանափակվում են նյութապես շքեղ կյանքով եւ, որն ավելի էական է, իրենց այս կամ այն բարձր աթոռին պատկերացնելով: Տեսե՞լ եք այսօր որեւէ ուսխորհուրդ, որում լինեն ՀՀՇ-ի կամ, ասենք, Դաշնակցության ներկայացուցիչները: Դա բացառված է, որովհետեւ «ուսանողական բյուրոկրատիան» իշխանության համար գործիք է, որն օգտագործվում է, մասնավորապես, ընտրությունների ժամանակ, նաեւ մի տեղ է, որտեղ բուծվում են ապագա կուսակցական ֆունկցիոներները:

Սակայն երբ մենք խոսում ենք ուսանողության մասին, ամենեւին էլ պարտադիր չէ պատկերացնել միայն ուսխորհուրդները: Երիտասարդ կարիերիստները կազմում են մեր ուսանողության թեեւ երեւացող, աչքի զարնող, սակայն, այսքանով հանդերձ, շատ փոքր մասը: Մի քանի տեղ դասավանդելով՝ ես կարող եմ հավաստիացնել, որ ուսանողության մեծ մասը խույս է տալիս քաղաքական կարծրատիպերից, եւ նրանց գլխավոր ու անկեղծ ձգտումն է գիտելիքներ ստանալը եւ մասնագիտության մեջ դրսեւորվելը: Այդտեղ կան օբյեկտիվ դժվարություններ: Նախ՝ այն երեխաները, որոնք այժմ սովորոււմ են 3-4-րդ կուրսերում, ծնվել են 1992-93 թվականներին՝ իսկ դրանք իրենց ծնողների համար, մեղմ ասած, լավագույն տարիները չէին: Երկրորդ՝ կրթական համակարգը, առաջին հերթին՝ դպրոցականը, նրանց հնարավորություն չի ընձեռել նորմալ գիտելիքներ ստանալ, եւ այսօր ինձ դժվար է լրագրողներ պատրաստել այն պատանիներից, որոնք Մարկ Տվեն կամ Իլֆ եւ Պետրով չեն կարդացել: Կարծում եմ՝ նմանատիպ խնդիրներ ունի նաեւ այն դասախոսը, որը դասավանդում է, ենթադրենք, ֆիզիկա, կենսաբանություն կամ օտար լեզու: Օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ լիարժեք բուհական կրթությունը հնարավոր չէ առանց դպրոցում դրված լուրջ հիմքի, որն այսօր, ցավոք, բացակայում է:

Բայց ծայրահեղ հոռետեսության համար հիմքեր չկան, մանավանդ, որ հիշյալ խնդիրները համընդհանուր են հետխորհրդային տարածքի համար: Ավելին՝ վերջերս ես առիթ եմ ունեցել դասավանդելու մի խմբում, որում ընդգրկված էին ոչ միայն հայաստանցի, այլեւ ԱՊՀ այլ երկրներից ուսանողներ: Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երիտասարդները առանձնանում էին թե՛ գիտելիքներով եւ թե՛, ամենակարեւորը՝ մտքի անկաշկանդությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930