ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցվել էր քրեական գործ՝ Հակոբ Դարբինյանի, Արթուր Ալեքսանյանի, Անմեղիկ Գաբրիելյանի , Սամվել Ավոյանի եւ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Ղոլամրեզա Ֆար Օրուջի Բահրամիի նկատմամբ
Շահեն Հովհաննիսյանն, ըստ պաշտոնական վարկածի, «դրդել էր» գործով չպարզված, մի իրանցու՝ «ոմն Հրազդանի», որպեսզի նա ձեռք բերի եւ Իրան տեղափոխի «ափիոն» տեսակի թմրամիջոց: «Մուկուչ Ման» սահմանափակ պատասխանատվության ընկերության մոտ գրամը 5000 դրամով Շահենը իրանցի՝ Ղոլամրեզայից գնում է 330 գրամ ափիոն: Գնելուց հետո գրամն արդեն 7000 դրամով Շահենն ափիոնը վաճառում է Հակոբ Դարբինյանին:
Շղթան բացվում է՝ Հակոբը իրացնում է Արթուրին, վերջինը՝ Անմեղիկին, որն էլ օգտագործում է թմրամիջոցը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Հակոբը Արթուրի մորեղբոր որդին էր: Անմեղիկը համ օգտագործում է, համ էլ իր «մասնաբաժինը» իրացնում Սամվել Ավոյանին:
Վերջինը միակն է, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չբացակայելու մասին:
Կարդացեք նաև
Անմեղիկի եւ Սամվել Ավոյանի մասով կիրառվում է Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ԱԺ համաներման մասին որոշումը, ինչը նշանակում է նաեւ, որ դադարեցվում է նաեւ քրեական հետապնդումը:
Գործը, որը քննության է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան/Դատավոր Կարեն Ֆարխոյան/ հետաքրքիր զարգացումներ է ունեցել: Շահեն Հովհաննիսյանը հայտնել է, որ ցուցմունքներն ինքը չի գրել, իսկ նրա պաշտպան Հենրիկ Բաղդասարյանը դատարանին միջնորդել է, որպեսզի անցկացվի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Դատարանը որոշել է այն հանձնարարել «Փորձաքննությունների ազգային բյուրոյին»: Ի դեպ, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցին, թե ներկայումս որքան է իրանցի կալանվորների թիվը «Նուբարաշենում», պատասխանեց՝ 40-ն են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ