Այսօր` նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.30-ի սահմաններում «Սուզուկի» մակնիշի 944 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին` Բոզ գյուղի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:
Վթարի հետեւանքով երկու հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Վարորդը արդեն տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Կարդացեք նաև
Այս պահին դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարները, ովքեր փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան մասնատել, որպեսզի կարողանան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ ավտոմեքենայի ուղեւորը ԱՄՆ քաղաքացի է:
Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Վանաձորի ճանապարհային ոստիկանության տեսուչները` Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Վանաձորից հայտնեց, որ պարզվել է` «Սուզուկին» վարել է ՌԴ քաղաքացի, 28-ամյա Ռուբեն Գրիգորյանը, ով աշխատում է «Բեկոն ԳՄԲՀ» ընկերությունում` որպես փորձագետ, իսկ ուղեւորը ԱՄՆ քաղաքացի, 39-ամյա Պիտեր Լաբոմբարդն է, ով աշխատում է «Լոռի-Շիրակ-Նոր Ակունք ջրմուղ» ընկերությունում` որպես միջազգային տեխնիկական տնօրեն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական վարչության Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան տեղափոխվեց Գուգարքի ոստիկանության տուգանային հրապարակ: