«Հայոց աշխարհին», բնականաբար, ՀԱԿ-ի թեման բոլորից շատ է հուզում: Եվ թերթը գրում է.«Որտե՞ղ է թաքնվել, այսպես կոչված, արմատական ընդդիմությունը` ՀԱԿ-ը, ինչո՞ւ է «գլուխ պահում»՝ հրաժարվելով քաղաքական ակտիվություն դրսեւորելուց: Երեկ այս հարցը հետաքրքրում էր շատ լրագրողների: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանն ու զինակիցները մշտապես հայտարարում էին, թե «քաղաքական օրակարգ թելադրողը» իրենք են, սակայն վերջին հանրահավաքից հետո ՀԱԿ-ը կենդանության նշաններ ցույց չի տալիս:
Պարզվեց՝ իշխանական ճամբարում նկատվող ակտիվությունը, այստեղ շարունակվող ուշագրավ «զարգացումները» բավարար են, որ ՀԱԿ-ը գրեթե հայտնվեր լուսանցքում, որին այսօր հանրությունը նույնիսկ դժվարությամբ է հիշում:
Իսկ գուցե վերջին հրաժարականներն ու կադրային նշանակումները, դրանց շուրջ շարունակվող քննարկումները փրկօղա՞կ են ՀԱԿ-ի համար, որը հնարավորություն է ստանում հաջողությամբ պարտակել սեփական անգործությունը: Քանզի մինչ այդ էլ արդեն հստակ երեւում էր, որ «արմատականները» կոնկրետ գործողությունների ծրագիր չունեն, եւ ընդհանրապես վաղուց արդեն սպառել են ասելիքն ու մոլորվել «թավշյա հեղափոխության» բավիղներում:
Ինչեւէ, իրողությունն այն է, որ նրա հակառակորդների ճամբարում նկատվող աշխույժ անցուդարձը ստիպեց հանրությանը անգամ մոռացության մատնել ՀԱԿ-ին: Ճիշտ է, դեռեւս հատուկենտ հիշողներ կան, բայց հիշում են տրտմությամբ, թե ոնց կարողացան «արմատականները» փառավորապես թաղել արտահերթ ընտրությունների գաղափարը»: Ապա թերթը մեջբերում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, որն ասել է. «Իմ կարծիքով, փետրվար ամիսը ամենահարմար ժամանակաշրջանն է այդ գործընթացները ծավալելու համար: Ու այստեղ շատ կարեւոր է նաեւ արտագնա ծանր աշխատանքով սեփական ապրուստը վաստակող մարդկանց մասնակցությունը: Իրենք ձմռանը` Նոր տարուց առաջ վերադառնում են տուն: Իսկ դա ահռելի թիվ է Հայաստանում: Ու պատկերացրեք, դրանից 30-40 հազարը մասնակցում է մեր հանրահավաքներին: Ու դա հստակ Հայ ազգային կոնգրեսի պոտենցիալն է»: Պարոն Սարգսյանի խոսքերը «Հայոց աշխարհին» թույլ են տվել ենթադրել.«Ինչպես նկատեցիք, հիմա էլ ՀԱԿ-ը ապավինում է խոպանչիներին. նրանց է համարում իր «պոտենցիալը»: Նայած` եթե նրանք մինչեւ դեկտեմբերի 31-ը տուն վերադառնան, ապա կհասցնեն մոբիլիզացնել խոպանչիներին ու կպարտադրեն Հայաստանի նախագահին հենց դեկտեմբերի 31-ին հետեւել Ելցինի օրինակին: Իսկ եթե խոպանչիները մի քիչ ուշացան, ապա թույլ կտան նոր տարվա կերուխումն ավարտել, իսկ արդեն փետրվարին 30-40 հազարին կհավաքեն հրապարակում»: