«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ իրականացրած արարքն այսպես մեկնաբանեց. «Մարզպետի արարքը կնոջ նկատմամբ արգահատելի վարք է, անչափ տգեղ երեւույթ է՝ եթե անգամ չի ծեծել: Շատ ավելի վատ արարքներ թույլ տված մարդիկ գիտեմ, որոնք չեն ենթարկվել պատասխանատվության, դրա համար դժվարանում եմ պատասխանել՝ մարզպետը կենթարկվի՞ պատասխանատվության, թե՞ ոչ, բայց եթե հանդուրժեն նման բան, էլ թող ոչ մի բանից չխոսեն»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ այսօր «Հայելի» ակումբում այս առնչությամբ կարծիք հայտնեց. «Երեւույթը՝ դա կանի հանրապետականը, թե ուրիշ մեկը, ահավոր տգեղ երեւույթ է: Դրսեւորումը կարող է ուրիշ ձեւով եղած լինի, բայց հենց էնպես, առանց խոսել, գնալ-ծեծել, չի լինում: Սուրիկ Խաչատրյանը պատահական մարդ չի, ինչքան էլ էմոցիոնալ լինի, նա շատ լավ հասկանում է՝ ում է խփում, ինչի է խփում կամ խփի՞, թե՞ չխփի: Հիմա էլ չեմ հավատում, որ Սուրիկ Խաչատրյանը հենց էնպես գնացել ու խփել է: Ինձ համար մութ բաներ կար: Գիտեմ մի բան, որ խորքային խնդիրներ կան, դա մի օրվա բան չէր, որ մարզպետը գար ու խփեր: Ինձ համար, օրինակ, շատ հետաքրքիր է՝ ինչի՞ Սիլվա Համբարձումյանը դատի չէր տալիս 102 միլիոնի համար նախօրոք կամ էդ ո՞նց գողացավ այդ սարքավորումը»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ