«Եթե ԱԺ նախագահը հրաժարական է տալիս եւ գնում շտաբ ղեկավարելու, դա ի՞նչ է. դա արդեն արտահերթ ընտրություն է: Նույնիսկ իշխանությունն է պատրաստվում դրան»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն ավելի կուռ եւ իր կողմից ավելի կառավարելի է դարձնում իշխանական համակարգը: Քաղաքապետի, աշխատակազմի ղեկավարի, ԱԺ նախագահի եւ ոստիկանապետի փոփոխությունները դրան են միտված՝ ավելի կառավարելի համակարգի եւ արտահերթ ընտրությունների: Իսկ թե ո՞ր ընտրության հարցին պարոն Խաչատրյանն ասաց. «Եվ նախագահական, եւ Ազգային ժողովի: Ես ոչինչ չեմ բացառում»:
ՀԱԿ-ն այս օրերին նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ պատրաստվելով արտահերթ ընտրությունների: Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ իրենց կառույցներում ճշտում են, թե որ շենքում որքան համախոհ ունեն, թե ովքեր են դիտորդներն ու վստահված անձինք եւ այլն: «Ինձ համար արտահերթ ընտրությունը կարող է ցանկացած պահի էլ լինել»,-ասաց Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե, ըստ իրեն, ե՞րբ կարող են լինել արտահերթ ընտրությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև