Հատվածներ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի՝ «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցից
– Հայաստանի վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս հայտարարել են, որ 2012 թվականին նպատակ ունեն անցկացնել “ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում”: Որքա՞ն կարեւոր են նմանատիպ խոստումները ԵՄ եւ Հայաստանի քաղաքական երկխոսության համար:
– Դա շատ կարեւոր է: Սա մեծ դրական ազդանշան է, եւ մենք ակնկալում ենք, որ այն կվերածվի կոնկրետ քայլերի ընտրությունները լավ կազմակերպելու համար: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք սատարելու եւ խորհուրդ տալու ընտրություններում եւ շատ այլ ոլորտներում, որոնք միասին ձեւավորում են “խորը ժողովրդավարության” գաղափարը, որը դրված է Արեւելյան Գործընկերության հիմքում` միավորման, խոսքի եւ հավաքների ազատություն, անկախ դատական համակարգի կողմից իրականացվող օրենքի գերակայություն եւ իրավունք դեպի արդար դատավարություն, արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ բարեփոխումներ անվտանգության եւ իրավապահպանության ոլորտներում:
– Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահը եւ կառավարության անդամները հաճախակի ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս` ասելով, որ պատերազմը կարող է ԼՂ հարցի կարգավորման միջոց լինել: Այս տարվա ընթացում դուք առնվազն երկու անգամ հրապարակավ քննադատել եք Ադրբեջանին` մարդու իրավունքների ոտնահարման համար: Ինչո՞ւ նաեւ կոչ չեք անում Ադրբեջանին դադարեցնել պատերազմի քարոզչությունը:
Կարդացեք նաև
– Հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով, եւ այլ տարբերակներ առաջարկող հռետորաբանությունն օգտակար չէ` անկախ նրանից, թե ո՞ր կողմն է այն հնչեցնում: Կարեւորը բանակցություններում առաջընթացն է եւ դժվարին փոխզիջումներ անելու երկու կողմերի պատրաստակամությունը: