Այսօր հաղորդել ենք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին պաշտոնանկ անելու մասին Տավուշում շրջանառվող լուրերը: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իջեւանի ընտրություններով պայմանավորված՝ վաղը կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվելու է այդ հարցը: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից հետաքրքրվեցին, թե համապատասխանու՞մ են արդյոք շրջանառվող լուրերն իրականությանը: «Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, մարզպետը հանրապետական է, որը նաեւ կուսակցության խորհրդի նախագահն է եւ պարտությունը պայմանավորված չէ մարզպետի հետ, ես դա ասում եմ նաեւ որպես այդ խորհրդի անդամ: Ընտրություններից հետո հետեւություններ արվում են, բայց ոչ թե կուսակցության մասշտաբով, այլ մարզի, Իջեւան քաղաքի կուսակցական կազմակերպությունների»,- ասաց Լ. Ալեքսանյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այդ առնչությամբ հավելեց. «Ամեն ինչ ասվում է, բացի այն, որ յուրաքանչյուր ընտրվող մարդ առաջինը պետք է նստի իր քաղաքացու հետ իր գործերով՝ ի՞նչ է արել ինքը եւ ի՞նչ պիտի անի, որ շահի քաղաքացու ձայնը: Իջեւանում այդ օրը երբ շրջեցինք քաղաքում, մի հատ նորմալ ճանապարհ չկար եւ գործող քաղաքապետը 13 տարի եղել է: Բնական է ժողովրդի ընդվզումն այդ ձեւով»: Չնայած նշած թերություններին, տիկին Բախշյանը նաեւ ընդգծեց երկար տարիներ քաղաքը ղեկավարող Իջեւանի քաղաքապետի դրական այն հատկանիշները: Տավուշի մարզն իրականացնում է համընդհանուր ներառական կրթության պիլոտային ծրագիրը, որն աննախադեպ է Հայաստանի համար եւ որին նպաստել է Իջեւանի քաղաքապետը: Ըստ պատգամավորի, Իջեւանի քաղաքապետի ընտրություններով «Բարգավաճ Հայաստանն» ուզեց ապացուցել, որ իրենից զգուշանալ է պետք:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ