Դատելով այն արձագանքներից, որ ՀՀԿ անդամներն անում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հերթական «սխրագործության» մասին, այդ մարզպետը դժվար թե արժանանա Երեւանի նախկին քաղաքապետի ճակատագրին:
Այսօր հերթական ՀՀԿ-ականն անդրադառնալով միջադեպին, սկսեց խոսել գործի քննությունից, հերքումներից, ճիշտն ու սխալը տարբերակելուց եւ այլն: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Տեսակետ» ակումբում այդ մասին ասաց. «Առաջին հերթին պետք է ասեմ, որ, իհարկե, ընդհանուր առմամբ, նմանատիպ խոսակցությունները, հատկապես երբ որ խոսքը գնում է ՀՀԿ անդամ պաշտոնյայի մասին, տհաճ են: Բայց նաեւ պիտի ասեմ, որ քաղաքական ուժերը մեկնաբանել են, բայց ճիշտ մեկնաբանությունը նա կլինի, երբ որ հստակ գործընթացը կընթանա: Այսօր արդեն վարույթ է ընդունվել, եւ հստակ պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ այսօր տարբեր մեկնաբանություններ են, տարբեր մարդիկ տարբեր ձեւով են մեկնաբանում, համենայնդեպս դուք շատ լավ գիտեք, որ նաեւ հերքվել է մարզպետարանի կողմից եւ Խաչատրյան Սուրիկի կողմից: Եվ դրա համար կարծում եմ, որ մեկնաբանություն ճիշտ կլինի անել այն ժամանակ, երբ որ հստակ պարզ կլինի, թե իրո՞ք տեղի է ունեցել եւ ի՞նչ ձեւով է տեղի ունեցել: Թե չէ մենք փորձում ենք ավելի շուտ վճիռ կայացնել, ավելի շուտ դատարանի դեր ստանձնել, որը ես կարծում եմ սխալ է»:
Ապա, պատասխանելով «Առավոտի» դիտարկմանը, թե երբ նախագահի աշխատակազմի աշխատակցին էին բռնության ենթարկել, Երեւանի քաղաքապետարանն էլ էր հերքում տարածել, եւ այդ ժամանակ առանց որեւէ քննության քաղաքապետին գործից ազատեցին՝ պարոն Ավետիսյանն ասաց. «Գիտեք ինչ, տարբեր դեպքեր են, մի դեպքում եղել է ռեալ եւ հստակ ինֆորմացիա, որ նման դեպք է եղել, իսկ երկրորդ դեպքում կա մի կողմ, որը դիմել է, որ իր նկատմամբ բռնություն է իրականացվել, բայց երբ նրան առաջարկել են դատաբժշկական քննության ենթարկվի, որպեսզի հիմնավորվի, նա հրաժարվել է, իսկ մյուս կողմը հերքում է, որ նման բան է եղել: Եվ այսօր շատ լավ գիտեք, որ նույնիսկ համապատասխան քննչական մարմինն ուսումնասիրում է նաեւ տեսաձայնագրությունները եւ այդ դեպքում նոր պարզ կլինի: Ես ուզում եմ, որ ընդհանրապես ցանկացած նման միջադեպի դեպքում մինչեւ հստակ չլինեն հիմնավորումները՝ չփորձենք կանխավարկածներով առաջնորդվել եւ ասել` սա էսպես է, նա էնպես է, ինչի սրան սա չհաջորդեց, նրան նա չհաջորդեց, եւ այլն»:
Կարդացեք նաև
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ