Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմեղ աչքերով աղջիկը կարծում եմ՝ դուք եք»

Նոյեմբեր 16,2011 16:14

18- ամյա Լուսինե Մինասյանը հավատացնում է, որ սեր առաջին հայացքից իսկապես հնարավոր է` բերելով հենց իր օրինակը: «Գոռին ես սիրել եմ մեր հանդիպման առաջին իսկ պահից», – «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասում է Լուսինեն: «Երկուսս էլ սովորում ենք Տնտեսագիտական համալսարանում, բայց այդ մասին իմացանք մեր ընդհանուր ընկերոջ` Վարդանի ծննդյան օրը, երբ ծանոթացանք»: Լուսինեն կորցրել էր Վարդանենց տան տեղը ` գնացել բոլորովին այլ հասցեով ու հասկանալով, որ չի կարողանում տունը գտնել, զանգահարում է Վարդանին ու խնդրում իրեն դիմավորել, Վարդանն էլ մյուս հյուրերին մենակ չթողնելու համար Գոռին է ուղարկում՝ նկարագրելով Լուսինեի արտաքինը: «Իմ ուշադրությունը ամենասկզբում գրավեց Գոռի քայլվածքը, շատ ինքնավստահ ու հպարտ կեցվածքով էր: Զարմանալին այն էր, որ առանց շուրջը նայելու, միանգամից մոտեցավ ինձ ու ասաց.
«Գոռի նկարագրած սև, գանգուր մազերով, անմեղ աչքերով աղջիկը կարծում եմ դուք եք»: Ես էլ ժպտացի ու ասացի. «Գանգուր մազերովը` հա, բայց անմեղ աչքերովը` չգիտեմ» ,-ժպտում է Լուսինեն:
Վարդանի ծննդյան հաջորդ օրվանից Գոռն ու Լուսինեն համալսարանում հանդիպելիս արդեն բարևում էին ու նույնիսկ երկար զրուցում: Երբեմն էլ Լուսինեն ինքն էր պատրվակներ ստեղծում Գոռին տեսնելու համար: Նրանք մի քանի օրում հասցրեցին մտերմանալ ու Լուսինեն արդեն Գոռից բացի ոչ մեկի չէր նկատում. իր կյանքը նոր երանգ էր ստացել: Սակայն Լուսինեի ուրախությունը երկար չտևեց: Մի քանի շաբաթ անց նա նկատեց, որ Գոռն այլևս համալսարան չի գալիս: Անգամ մի օր էլ ստիպված եղավ բոլոր լսարանների դռները բացել ու նրան փնտրել: Հետո Վարդանից իմացավ, որ Գոռին բանակ են տարել: «Այդ պահին չգիտեմ էլ ինչ կատարվեց հետս, միայն այն մտքից, որ ես էլ նրան չեմ տեսնելու սկսեցի դողալ,- ասում է Լուսինեն,- հետո սթափվեցի և որոշեցի չհանձնվել ու լավատես լինել: Ինձ թվում էր, թե նա էլ իմ հանդեպ անտարբեր չէ, բայց չհասկացա, թե ինչու ինձ չասաց, որ բանակ է գնալու»: Արդեն 4 ամիս է, ինչ Գոռը ծառայության մեջ է: Նրա որպիսությունը Լուսինեն իմանում է Վարդանից (թեև նրան երբեք չի ասել Գոռի հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին): «Այս 4 ամիսների ընթացքում ես չմոռացա Գոռին, ես նրան սիրում եմ, բայց այդ մասին հեռախոսով չեմ համարձակվի նրան ասել, կսպասեմ մինչև բանակից գա: Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի: – ասում է Լուսինեն և ավելացնում,-Թեև ընկերուհիս համոզված է, որ սա ընդամենը հրապուրանք է, որը երկար չի տևի, բայց ես կարծում եմ՝ եթե հրապուրանք լիներ` հեռավորությունը կստիպեր նրա հանդեպ սառել, բայց ոչինչ չի փոխվել, ես սիրում եմ…»:

Տիգրանուհի Թասլակյան

Հ. Գ. Հերոսուհին խնդրեց իր եւ «սիրելիի» անունները հրապարակման մեջ փոխել: Ասում է՝ վախենում է Գոռը սխալ հասկանա: Սպասում է տղայի վերադարձին եւ խոստանում  «Առավոտ երիտասարդականին» ավարտին հասցնել պատմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930