«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ վաղը՝ նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20-ը:
700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից ամեն օր 12 ժամ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, կզանգահարեն ընդհանուր առմամբ 60 000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարեւոր նախաձեռնությանը: Համաեվրոպական հեռախոսամարաթոնին իրենց երկրներից մասնակցում են նաեւ Հոլանդիայի եւ Հունաստանի հայ համայնքները:
Հեռախոսամարաթոնի հանգանակություններն այս տարի կուղղվեն Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի Տավուշի մարզում շուրջ մեկ տասնյակ գյուղերում ջրի խնդրի լուծմանը:
Նախորդ տարվա համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 1,4 միլիոն եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հարթաշեն, Տող, Ակնաղբյուր, Ուխտաձոր գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու վերակառուցմանը եւ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանը: /մանրամասների համար տես www.himnadram.org/
«Հեռախոսամարաթոն 2011»-ի կնքահայրը Ֆրանսիայում մեծ ժողովրդականություն վայելող հաղորդավար Միշել Դրյուկերն է:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն կազմակերպում է սկսած 2000 թվականից, հավաքվեց 216,5 հազար եվրո: Իսկ համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411 285 զանգ, եւ 20 800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9,938 միլիոն եվրո: Հեռախոսամարաթոնի գլխավոր հովանավորն ու գործընկերն այս տարի եւս Ֆրանս Տելեկոմ Օրանժն է: